Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը, գրում է «Հրապարակի»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Քոչարյանն ասել էր, որ հանձնաժողովը դեռ մեկ ամիս ունի մինչև լիազորությունների ավարտը, և իրենք մտադիր են Սամվել Շահրամանյանին հրավիրել։
Ըստ «Հրապարակի»-ի աղբյուրի՝ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե որոշել էր չգնալ՝ հաշվի առնելով Անդրանիկ Քոչարյանի՝ իր հասցեին արված հայտարարությունները։
«Շահրամանյանը երկար է մտածել քննիչ հանձնաժողով գնալու-չգնալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս ոչ կոռեկտ է արտահայտվել, մի քանի անգամ հրապարակային վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին։ Սակայն կարևորելով նման հնչեղություն ունեցող գործի իրական բացահայտումները, որին կարող է ինքը նպաստել՝ համաձայնվել է նոյեմբերի 24-ին գնալ քննիչ հանձնաժողով և 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում ունեցած բոլոր տեղեկությունները լիարժեք տրամադրել հանձնաժողովին»,- հայտնել է թերթի աղբյուրը։
Ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ սպասում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գալու մասին Արցախի նախագահի պատասխանին: Նրա խոսքով՝ թեև ԶԼՄ-ները գրել են, որ Շահրամանյանն այն ժամանակ չի զբաղեցրել որևէ ռազմաքաղաքական պաշտոն, սակայն մոռանում են, որ մինչև 2020 թվականի մայիս նա Արցախի ԱԱԾ տնօրենն էր: