Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աջակցել ենք վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը, հայտնում է ԿԽՄԿ-ն։
«Մասնավորապես՝ 220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։ Շուրջ 2500 հեռախոսազանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք որոնում էին իրենց հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին»,- հայտնում է Կոմիտեն:
Բացի այդ, 25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով։ 124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարները Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ այդ թիվն անցնում է 220-ից: Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը որոշակի մանրամասներ էր ներկայացրել վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին՝ նշելով, որ եղել է գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում: