Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։
«Ի պատասխան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի 13.11.2023թ. գրության, Սամվել Շահրամանյանը հաստատել է իր մասնակցությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»,- հայտնում են հանձնաժողովից։
Պատասխան նամակում Սամվել Շահրամանյանը նշել է, որ նախատեսում է հանձնաժողովի նիստին մասնակցել նոյեմբերի 24-ին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը։ Ըստ աղբյուրի՝ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե որոշել էր չգնալ՝ հաշվի առնելով Անդրանիկ Քոչարյանի՝ իր հասցեին արված հայտարարությունները։ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ սպասում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով գալու մասին Արցախի նախագահի պատասխանին: Նրա խոսքով՝ թեև ԶԼՄ-ները գրել են, որ Շահրամանյանն այն ժամանակ չի զբաղեցրել որևէ ռազմաքաղաքական պաշտոն, սակայն մոռանում են, որ մինչև 2020 թվականի մայիս նա Արցախի ԱԱԾ տնօրենն էր: