Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանի բնակիչների անվտանգ վերադարձը։ Դատարանը Բաքվի նկատմամբ միջանկյալ միջոցներ է կիրառել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։
Վճռի ուղիղ հեռարձակումը հասանելի է Armenia Today-ի յութուբյան ալիքում։
Համաձայն Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնոգյուի կողմից հրապարակված վճռի՝ դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին ապահովել սեպտեմբերի 19-ից հետո այն լքած հայերի անվտանգ, անարգել և արագ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև պայմաններ ապահովել, որ սեպտեմբերի 19-ից հետո տարածաշրջանում մնացած հայերը ցանկության դեպքում ապահով և անարգել մեկնելու հնարավորություն ունենան։
Դատարանը նաև կոչ է արել Բաքվին ապահովել, որ այն անձինք, ովքեր սեպտեմբերի 19-ից հետո կմնան Լեռնային Ղարաբաղում կամ վերադառնում են տարածաշրջան՝ մնալու մտադրությամբ, զերծ լինեն ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է ստիպել նրանց հեռանալ։ Դատարանը նաև իր որոշմամբ Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է պահպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անձը հաստատող փաստաթղթերը, գրանցման և մասնավոր սեփականության փաստաթղթերը, ինչպես նաև պատշաճ կերպով հաշվի առնել նման փաստաթղթերն ու գրառումներն իրենց վարչական և օրենսդրական պրակտիկայում:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որն ավարտվել էր սեպտեմբերի 20-ին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ են տեղափոխվել 100․632 բռնի տեղահանվածներ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։