Արցախի խորհրդարանն առաջիկայում նիստ կգումարի, գրում է «Հրապարակ»-ը:
Թերթի տվյալներով՝ մի քանի օր առաջ Արցախի խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են Արցախի ներկայացուցչությունում և քննարկել անելիքները։
«Բոլոր հինգ ուժերի մոտ կա քաղաքական կոնսենսուս, որ առաջիկայում պետք է ԱԺ նիստ գումարել և վերսկսել բնականոն աշխատանքը։ Այժմ քննարկում են օրակարգը, թե ինչ հարցեր ներառեն։ Առաջարկվել է նախապատվությունը տալ բռնի տեղահանվածների սոցիալական և այլ խնդիրներին»,- մանրամասնում է հրատարակությունը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Արցախից Հայաստան էր բռնի տեղահանվել 100 632 մարդ: Հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում Արցախից բռնի տեղահանված բնակիչներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական: