ՅՈՒՆԵՍԿՕ-ն խնդրել է Բաքվին այցելել Արցախ, ի պատասխան՝ Բաքուն առաջարկ է արել, որը մերժվել է, տեղեկանում ենք Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Նիգար Արփադարայի X-ի (նախկին Twitter) էջից։
Մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժել է Բաքվի՝ Ադրբեջան այցելելու խնդրանքը՝ համաձայնելով գնահատել միայն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հուշարձանների վիճակը։
Նիգար Արփադարայը հայտնել է, որ Բաքուն խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին այցելել Արցախ՝ առաջարկելով ուղևորություն Ակնայով դեպի Ստեփանակերտ։ Նրա խոսքով՝ Բաքուն խնդրել է այդ միջոցով փաստագրել, իբրև թե «Աղդամի ավերածությունները՝ Հայաստանի կողմից»։
Նիգար Արփադարայը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է իրենց առաջարկից՝ ցանկանալով մեկնել միայն Ստեփանակերտ։
Նոյեմբերի 9-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանում ունեցած ելույթում կոչ էր արել կազմակերպությանը առաքելություն ուղարկել Արցախ՝ հայկական մշակութային ժառանգության անկախ մոնիտորինգի և քարտեզագրման համար։
Նոյեմբերի 14-ն հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանել է խաչերը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։