Բռնի տեղահանությունից հետո 100 000-ից ավելի արցախցիներ քիչ-քիչ վերադառնում են կյանք: Ո՛չ առանց աստծո օգնության: Մասիսը տուն է դարձել նրանցից 12 000-ի համար։
Նոյեմբերի 14-ին 7 կնքահայրերով ու 7 քահանաներով Մասյացոտն Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ Մասիսի 7 Եկեղեցիներում միաժամանակ մկտրվում են 150 և ավելի արցախցիներ, նրանց գերակշիռ մասը երեխաներ են:
Սրբազանը պատմում է նախաձեռնության հեղինակների, բարերարների, արցախցիներին աջակցելու մեջ եկեղեցու ներդրումների մասին, սակայն՝ ոչ տեսախցիկի առաջ: «Թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում աջը» աստվածաշնչյան սկզբունքին հավատարիմ՝ ասում է, պետք չէ կարծեն, թե գովազդ է արվում, դա եկեղեցու պարտքն է և բարձրաձայնելու կարիք չկա:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ասում է, որ միաժամանակյա մկրտությունները շարունակական են լինելու: «Ամենակարևոր բանն այն է, որ նրանք դարձան քրիստոնյա և մենք մասնակիցն ենք այդ շատ կարևոր գործին»,- ասում է նա:
Սառնաղբյուրից 8 և 10 տարեկան եղբայրները չհասցին ծնողների և 2 եղբայրների հետ մկրտվել այստեղ, Նվերն ու Միքայելը զոհվեցին իրենց գյուղում սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հրետակոծությունից: Նրանք Մասիսի գերեզմանատանն են ամփոփված՝ նույն փոսի մեջ:
Տղաների հայրը խոստովանում է, որ ծանր է Արցախից Հայաստան ճանապարհի և իրենց գլխով անցածի մասին խոսելը։ «Գլուխներս այնքան խառն էր, չէինք մտածել մկրտվելու մասին: Եկեղեցին մեզ առաջարկեց, հովանավորեց, մենք էլ չհրաժարվեցինք»,- ասում է նա:
Մկրտության նախաձեռնությանը սիրով միացել է նաև թաղավարդցի Լիլյան։ Նախկինում իրենց գյուղի փոքրիկ մատուռ էր գնում աղոթելու։ Հիմա էլ տեղահանման դառը փորձությամբ անցած կինը շարունակում է հավատալ Աստծուն։ «Դեռ հավատում ենք, որ լյոխ լավա լինելու»,- ասում է նա:
Նրա դուստրը՝ Անգելինան, որի ճակատին հենց նոր մյուռոն են քսել, ժպտում է արցախցի ընկերների մասին խոսելիս։ Ասում է՝ դպրոցում հանդիպում են, կապը չեն կորցրել։
Արցախյան բարբառով շփվելու կարիք ունեն և՛ երեխաները, և՛ մեծահասակները։ Նրանց ներկայացվածության հարցը Հայաստանում դեռ բաց է մնում։ Ասում են՝ մի փոքրիկ «կղզի» են ուզում, որտեղ իրենց կզգան ինչպես տանը։ Խնդիրներ դեռ շատ կան։ Ամեն մեկը լուծում է դրանք, ինչպես կարող է։
Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ արցախցիների խնդիրները լուծելու համար համակարգված մոտեցում է պետք։
«Հիմա արդեն փորձում ենք հասարակական կազմակերպություն ստեղծել, որը միտված կլինի մեր սուբէթնոսը պահելու, մեր արցախյան բարբառը, մշակույթը, սովորությունները, ամեն-ամեն բան: Դա հարթակ կլինի, որտեղ կհավաքեն արցախցիները»,- ասում է Հակոբյանը:
Քանի դեռ միասնական մեկ հարթակ չի ստեղծվել, տեղահանվածների խնդիրները համակարգում են համայնքային իշխանությունները։ Իսկ խնդիրներն ամենատարբեր են։
«Խնդիրներ, բնականաբար լինում են և փորձում ենք մեր կապերով, մեր ռեսուրսներով օգնել, իրազեկել, ճշտել, լուծում գտնել»,- ասում է Մասիսի քաղաքապետը:
Արարողության ավարտին 7 եկեղեցիներում մկտրված բոլոր խմբերը միավորվում են Մասիսի եկեղեցում։ Ստանում օրհնված խաչերը։ Ասում են՝ չեն հասցրել Արցախում մկրտվել, բացթողումը շտկել են Հայաստանում։ Ի՞նչ տարբերություն, թե որտեղ են, Աստված ամեն տեղ էլ նույնն է։
ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն ասում է՝ աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելու մասին ոչ թե պետք է կենացներում հիշել, այլ իրապես աստծուն մոտենալով։
Արաքսյա Սնխչյան