Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա տեղադրված 50 մետրանոց լուսատու խաչը, հայտնում է «Monument watch»-ը:
«2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից և Արցախի տոտալ հայաթափման գործողություններից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Խաչի տապալումը ոչ միայն հարված էր մշակութային արժեքին, այլև քրիստոնյա ողջ հայ հանրույթին»,- նշում է կայքը:
Խաչը տեղադրվել էր 2017 թվականի մայիսի 9-ին ՝ ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների: Այն իր բարձրությամբ երկրորդն էր եվրոպական տարածաշրջանում, տեսանելի էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր կողմերից, լուսավորված էր հատուկ լույսերով, որոնք այն տեսանելի էին դարձնում նաև գիշերը:
«Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ այն վառվում էր մթության մեջ։ Իսկ ադրբեջանցիները հարցնում էին, թե ինչպես է խաչը լուսավորում, եթե լույս չկա։ Հիմա ավերված է, հաստատ չի լուսավորի»,- X-ում (նախկինում՝ Twitter) գրել է արցախցի լրագրող Մարութ Վանյանը։
Հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը միջազգային հանրության անգործության պայմաններում զգուշացրել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանում ունեցած ելույթում կոչ էր արել կազմակերպությանը առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ հայկական մշակութային ժառանգության անկախ մոնիտորինգի և քարտեզագրման համար:
Նոյեմբերի 14-ին Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը հայտնել էր, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը: