Ռուս խաղաղապահները շարունակում են Արցախ մեկնել Հայաստանով, գրում է «Հրապարակ»-ը։
Ստեփանակերտ մեկնող ռուս զինծառայողներից մեկը հրատարակությանը տեղեկացրել է, որ իջել են «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ուղևորվել Արցախ:
Թերթին չի հաջողվել ՌԴ խաղաղապահների զորախմբի ծառայության հետ կապ հաստատել, սակայն ՀՀ ՊՆ աղբյուրը հաստատել է․ «Ռուս խաղաղապահները Երևանից են գնում Արցախ, ինչպես միշտ»։
Թե ինչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում, որտեղ չկա արցախահայություն, որի պաշտպանությանն էին կոչված նրանք, պարզ չէ, գրում է թերթը։
Նոյեմբերի 23-ին ՌԴ ՊՆ հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում փակվել են խաղաղապահների ընդհանուր թվով 28 դիտորդական և ժամանակավոր դիտակետեր։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։