Արցախում տեղի ունեցած պայթյունից այրվածքներ ստացած և Բելգիայում բուժվող երեք արցախցիներից երկուսն ապաքինվել են և շուտով կլինեն Հայաստանում, հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Էրիկ Դե Մույնքին` Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար:
«Շատ շուտով Բելգիան դեսպանություն կբացի Երևանում` ի նշան համերաշխության: Այդ ծանր օրերին տպավորված էի Բելգիական առաջին օգնության և աջակցության թիմի (B-FAST), ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և ձեր համակարգված աշխատանքով` տուժածներին օգնելու հարցում»,- նշել է դեսպանը:
Դեսպանի հետ քննարկվել են առողջապահական համակարգային բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությունը` առողջության համապարփակ ապահովագրության փորձագիտական աջակցությունը, այրվածքների կառավարման, մասնագիտական վերապատրաստման հնարավորությունը, դեղագործության ոլորտում կապերի խորացումը, ուռուցքաբանության ոլորտում գործընկերային կապերի հաստատումը:
Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ այդ թիվն անցնում է 220-ից:
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը որոշակի մանրամասներ էր ներկայացրել վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին՝ նշելով, որ եղել է գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում: