Ֆրանսիական միջազգային ռադիոն (Radio France internationale, RFI) հայտարարել է հայերի էթնիկ զտումները մոռացության տալու սպառնալիքի մասին: Ըստ RFI-ի՝ 1915 թվականի ցեղասպանությունից և 20-րդ դարավերջի Բաքվի ջարդերից հետո Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան իրադարձությունները և արցախցիների զանգվածային արտագաղթն իրենց հայրենիքից երրորդ հանցագործությունն են հայ ժողովրդի դեմ։
«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության և Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում էթնիկ հայերի արտագաղթը Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանից քիչ ուշադրության է արժանացել ԶԼՄ-ներում՝ առաջացնելով հայերի վրդովմունքը, որոնք արդեն երրորդ անգամ են դավաճանված զգում միջազգային հանրության կողմից»,- գրել է RFI-ն։
Հոդվածի հեղինակ Ժան վան դեր Մեյդը նշել է, որ հայերի էթնիկ զտումները կատարվել են աշխարհակարգի փոփոխությունների պատմական ժամանակաշրջաններում՝ Առաջին համաշխարհային պատերազմի, Խորհրդային Միության փլուզման և ռուս-ուկրաինական պատերազմի ու Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ժամանակ:
«Ես միշտ կարծել եմ, որ ցեղասպանությունը եղել է, քանի որ այն ժամանակ հեռուստատեսություն կամ ինտերնետ չկար։ Որովհետև եթե որևէ մեկն իմանար կատարվածի մասին, ոչ մի երկիր թույլ չէր տա, որ դա տեղի ունենար»,- RFI-ին տված հարցազրույցում ասել է արցախցի փախստականներին օգնություն ցուցաբերող խոհարար Ալին Քամակյանը։
Նա հիշեցրել է, որ թե՛ Լեռնային Ղարաբաղի տասնամսյա շրջափակման ժամանակ, թե՛ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից հետո շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ անտարբեր են մնացել տարածաշրջանում դաժանությունների և անարդարության նկատմամբ։
«Միգուցե այն պատճառով, որ գազ չունենք, կամ քաղաքականապես պահանջարկ չունենալու պատճառով դրա մասին ոչ ոք չի խոսում»,- հավելել է Քամակյանը։
Տարածաշրջանային հետազոտությունների երևանյան կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը RFI-ին պատմել է նաև պատերազմական տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու համաշխարհային հանրության ընտրողականության մասին և ընդգծել ուկրաինական իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղի հայերի ծանր վիճակի լուսաբանման «կեղծավոր անհամապատասխանությունը»:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։