Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում շարունակվում են սեպտեմբերի 25-ին ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին հուղարկավորության նպաստ նշանակելու համար դիմումների ընդունման աշխատանքները, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ այն անձինք, ովքեր չեն դիմել նպաստի նշանակման համար, կարող են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը (աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն) դիմել վերոնշյալ հասցեով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1. Զոհվածի մահվան վկայականի պատճեն,
2. Հարազատի անձնագրի և ՀԾՀ (սոց քարտի) պատճեները,
3. Հարազատի անվամբ Արցախբանկում բացված հաշվի մասին տեղեկանքը կամ հաշվի քաղվածքը:
Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ այդ թիվը գերազանցում է 220-ը:
Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը որոշակի մանրամասներ էր ներկայացրել վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին՝ նշելով, որ եղել է գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում: