Ադրբեջանցիները վնասել են ևս մեկ հայկական գերեզմանոց Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Caucasus Heritage Watch-ը։
«Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի հայկական մեկ այլ գերեզմանոց է վնասվել։ Ըստ երևույթին, բուլդոզերներն աղբակույտեր են լցրել հին Ղազանչեցոց գերեզմանատուն (տաճարից հարավ-արևելք)՝ վտանգելով առանց այն էլ մասնատված տապանաքարերը»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Ըստ Caucasus Heritage Watch-ի, սա տարածաշրջանում վեցերորդ հայկական գերեզմանոցն է, որը վնասվել կամ ավերվել է 2020 թվականի նոյեմբերից։ Նշվում է, որ նախկինում ավերվել են Մեծ Թաղերի և Սգնաղի գերեզմանատները, վնասվել է Վազգենաշեն գյուղի մերձակայքում գտնվող գերեզմանատունը, ինչպես նաև Շուշիի Հյուսիսային գերեզմանատունը և Գերեզմանատուն Երևանի դարպասի մոտ։