«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ամենայն հավանականությամբ, վերջին «հարցաքննվողն» է լինելու ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսունասիրող քննիչ հանձնաժողովում:
Ուրբաթ օրը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ Բաբայանն է հանձնաժողովում հյուրընկալվելու ցանկություն հայտնել։
Թերթը գրել է, որ մինչև դեկտեմբերի 3-ը՝ հանձնաժողովի գործունեության ավարտ, լավագույն դեպքում կլինի ևս մեկ հարցաքննվող՝ ՊԲ Հադրութի դիվիզիայի հրամանատարը։ Հանձնաժողովն այդպես էլ չհյուրընկալեց պատերազմի առանցքային պաշտոնյաներին, օրինակ` ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանին:
Հանձնաժողովի ձևավորումից հետո Սամվել Բաբայանը, որպես անկախ խորհրդատու, պետք է մասնակցեր աշխատանքներին: Սկզբում նա համաձայնել էր, կարճ ժամանակ հետո հրաժարվել՝ բացատրելով. «Կան խաղի կանոններ։ Եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում։ Եթե ինչ-որ մեկի անուն ունեն խայտառակելու, ինձ՝ չունեն»։