Լեռնային Ղարաբաղի փախստականները թողել են տուն, աշխատանք, կրոնական հաստատություններ, ընկերական և ընտանեկան հարաբերություններ, կրթական գործունեություն և հնարավորություններ, մի խոսքով, իրենց ողջ կյանքը, գրում է «Truthdig»-ը՝ պատմելով Արցախի մասին՝ Ադրբեջանին բռնակցումից մինչև 2023թ․ հայաթափում։
«2020-ի և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները սարսափելիորեն հիշեցնում էին 1915-ին հայ բնակչության դեմ Օսմանյան կայսրության ցեղասպանությունը: Չնայած այս անհանգստացնող պատմական արձագանքներին, Հարավային Կովկասում մարդու իրավունքների այս մեծ աղետի մասին քիչ էր լուսաբանվում»,- նշում է հոդվածագիր, Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Պոլ Վոն Բլումը։
Նա զարմանում է, որ լրատվամիջոցներում գրեթե ոչինչ չի տեսնում արցախցի էթնիկ հայ փախստականների ծանր վիճակի մասին և հիշում Ադոլֆ Հիտլերի հայտնի խոսքերը. «Ի վերջո, ո՞վ է,- հռետորական հարցրել է նա 1939-ին,- այսօր հիշում է հայերի բնաջնջումը»:
Հեղինակի համար սա անձնական ողբերգություն է, նա մեկ անգամ այցելել է Արցախ։ «Արցախի ճակատագիրը միշտ էլ մտահոգության թեմա է եղել. Արցախում ես զրուցել եմ պետական պաշտոնյաների, օրենսդիրների, դիվանագետների և նախկին նախագահ Գեորգի Պետրոսյանի հետ, որը խելացի առաջնորդ է, ով տեսլական ունի կրթական, մշակութային և քաղաքական բարեփոխումների մասին: Ինձ հատկապես հուզում են 2018 թվականին Արցախի պետական համալսարանում կայացած մի շնորհանդեսի հիշողությունները: Ուսանող հանդիսատեսը գրավիչ էր, հուսադրող և լավատես ապագայի հանդեպ: Հիմա այդ ինստիտուտը չկա, գոնե իր նախկին տեսքով մայրաքաղաք Ստեփանակերտում։ Արցախցի այդ խելացի և խոստումնալից երիտասարդ կանանց և տղամարդկանցից ոմանք կարող են վերականգնել իրենց կյանքը Հայաստանում: Հավանական է, որ նրանցից ոմանք զոհվել են վերջին մարտերում՝ որպես Արցախի զինված ուժերի անդամներ կամ քաղաքացիական զոհեր։ Նրանց դժբախտությունը ինձ ցավ է պատճառում»,- արձանագրում է հեղինակը:
Նրա խոսքով՝ Արցախի դժբախտությունը պետք է կարևոր լինի ամերիկացիների համար, քանի որ այն ժողովրդավարական երկիր էր՝ ազատ և բաց ընտրություններով, որպես այդպիսին վավերացված միջազգային դիտորդների կողմից․ «Դա մի երկիր էր, որը լիովին համահունչ էր ամերիկյան իդեալներին, իր ուժեղ կողմերով և թերություններով, մինչև վերջերս ապրում էր ոչ խաղաղության, ոչ պատերազմի վիճակում, որն արժանի էր Վաշինգտոնի ճանաչմանը և աջակցությանը: Նվաճող պետությունը նրա հակադիրն է։ Ադրբեջանը խորապես ավտորիտար ժողովուրդ է, որը ղեկավարում է կոռուպցիայի երկար պատմություն ունեցող ընտանեկան բռնապետությունը»:
Նա մատնանշում է, որ Ադրբեջանը, ինչպես Թուրքիան, շարունակում է պաշտոնապես հերքել, որ 1915-1923 թվականներին օսմանյան թուրքերի կողմից 1,5 միլիոն հայեր են սպանվել:
Բլումը կոչ է անում ԱՄՆ-ին արտաքին քաղաքականության մեջ ավտորիտարների փոխարեն նախապատվությունը տալ ժողովրդավար երկրներին։ Նրա խոսքով՝ այդ ընտրությունը պահանջում է ոչ միայն խոսքեր, այլև գործ:
«Սա ներառում է Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը, ինչպես նաև Իսրայելի վրա ճնշում գործադրելը՝ վերանայելու Ադրբեջանի հետ իր հարմարավետ և բարոյապես հուսահատեցնող հարաբերությունները: Հայոց ցեղասպանություն երբեք չպետք է լինի»,- եզրափակում է հոդվածագիրը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։