Լեռնային Ղարաբաղից Հայաստանում տեղահանվածները հայտնվել են անորոշ վիճակում, հայտնում է The Washington Post-ը։ «Շատերի համար Հայաստանում նոր կյանքը տագնապալի իրողություն է։
Սեփական տները լքելու ճնշող ցնցումը մնում է, հիշողություններն այն պահի մասին, երբ ամեն ինչ փոխվեց՝ մշտական»,- գրել է թերթը։ Տեղահանվածները հոդվածի հեղինակ Ռուբի Մելլենին պատմել են սեպտեմբերի 19-20-ի ռազմական իրադարձությունների, ադրբեջանական զինուժի կողմից գյուղերի ու քաղաքների անվերջ ռմբակոծությունների և մի քանի օր տևած իրենց հայրենիքից բռնի գաղթի մասին։
«Նախկինում չէի պատկերացնում, որ մենք լքելու ենք մեր տները։ Իսկ հիմա դա չեմ պատկերացնում։ Ես ուզում եմ գնալ մի տեղ, որտեղ կրակոցներ չկան, որտեղ խաղաղություն է տիրում»,- թերթի հետ զրույցում ասել է 66-ամյա Նատաշա Պետրոսյանը։
Մելլենը նշել է, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները չեն կարողացել երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ բնակության համար։ Որոշ արցախցիներ, սակայն, դեռ չեն կորցնում իրենց տները վերադառնալու հույսը, հավելել է հեղինակը։ «Հայաստանի ժողովուրդն ընդունեց մեզ։ Բայց երբ վերականգնվենք, ստիպված կլինենք համախմբվել ու վերադարձնել Ղարաբաղը»,- թերթի հետ զրույցում ասել է Արցախյան առաջին պատերազմի վետերան, 50-ամյա Գեղամ Բաբայանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։