Արցախի նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը պնդում է, որ Սամվել Բաբայանը հարցաքննվել է որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, փաստերը կան, գրում է «Հրապարակ»-ը:
«Բաբայանը հույս ունի, թե այդ քրեական գործի նյութերն ամբողջությամբ վառել ենք ու նոր Արցախից դուրս ենք եկել։ Նա թող մտածի, որ այդ նյութերի էլեկտրոնային, թվայնացված տարբերակներն էլ կան։ Ես, որպես գլխավոր դատախազ, դրանք թվայնացրել եմ»,- թերթի հետ զրույցում հավաստիացրել է Ներսիսյանը։
Թերթը հիշեցնում է, որ Բաբայանը 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է որպես Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար։ Նրան մեղադրում են պատերազմի ժամանակ Արցախի հարավային թևի տապալված օպերացիան մշակելու ու իրականացնելու մեջ:
Օպերացիայի մշակումը, որի հետևանքով թշնամին վերցրել է Հադրութը, ապա՝ Շուշին, ըստ Ներսիսյանի, սկսվել է հոկտեմբերի 4-ին։ Գործի քննությունն իրականացվել է մինչև 2023թ. փետրվար-մարտ ամիսները, երբ Ներսիսյանն Արցախի գլխավոր դատախազն էր, նրա ազատումից հետո գործը կարճվել էր:
Թերթը հայտնում է, որ քրեական վարույթի շրջանակներում որպես վկա հարցաքննվել են Արայիկ Հարությունյանը, ուժային կառույցների այն ղեկավարները, ովքեր 44-օրյա պատերազմի օրերին պաշտոնավարել են, Արցախի ԱԺ պատգամավորներ, գործող և պաշտոնաթող զինվորականներ: Նրանք մանրամասն պարզաբանումներ և ապացույցներ են ներկայացրել, որոնք առնչվել են պատերազմին նախորդած և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին:
Երեկ Բաբայանը «ստախոս» և «փիառշչիկ» էր անվանել Գուրգեն Ներսիսյանին, ում պնդմամբ՝ նա Արցախի դատախազությունում հարցաքննվել է 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։