Արցախից բռնի տեղահանված 30-ամյա Թամարա Մկրտչյանը 5 երեխաների մայր է։ Ծնունդով Հրազդանից է, 2010-ին Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան է հարս գնացել։ Արցախից բռնի տեղահանվելուց հետո ամուսնու, երեխաների և 2023-ին զոհված տեգրոջ տղայի հետ հիմա վարձով է ապրում Հրազդանում։ Ամուսինը նոր է աշխատանք գտել, դեռ չգիտեն՝ 8 հոգանոց ընտանիքի ծախսերը կստացվի՞ լիարժեք հոգալ։
Սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման օրը, տանն են եղել, տղաներից մեկը՝ դպրոցում։ Մոռանալով կրակոցների մասին՝ Թամարան վազել է երեխայի հետևից։
«Տանն էինք, մեծ աղջիկս դպրոցից եկավ, հետո դուրս գնաց։ Ժամը 13։30 էր, տեսնեմ՝ հարևանները վազում են։ Ասացին՝ պատերազմ է։ Դուրս եկա, տղաս դպրոցից դեռ տուն չէր եկել։ Վազելով գնացի երեխեքի հետևից։ Ամեն մեկն իր երեխայի հետևից էր վազում։ Ես երեխեքին բերեցի տուն ու միանգամից իջանք նկուղ։ Մոտ մեկուկես ժամ նստել ենք նկուղում՝ մտածել, որ պատերազմը շուտով կվերջանա, բայց այդպես էլ չվերջացավ․․․»,- պատմում է Թամարան։
Ամուսինը՝ 33-ամյա Հարութ Մարտիրոսյանն այդ օրերին դիրքերում է եղել, հետո վերադարձել է դիրքերից ու գնացել են Ստեփանակերտ, որտեղից էլ՝ Հրազդան։
«Իրեն տարան Չարեքթար, ու մենք երեխեքի հետ մնացինք տանը, հետո գնացինք գյուղի մոտակա փուռ՝ գյուղի ժողովուրդն այնտեղ էր հավաքվում։ Միայն մի քանի շոր էի վերցրել ու մեր փաստաթղթերը, ուրիշ՝ ոչինչ։ Մոտ 2 ժամ մնացինք փուռում, հետո մեր գյուղապետը եկավ ու ասաց՝ ժողովուրդ, դուրս ենք գալիս, տարհանում են»,- ասում է Թամարան։
Ստեփանակերտից սեպտեմբերի 23-ին են բռնի տեղահանվել։
«Ճանապարհը շատ դժվար եկանք, 2 ժամ կանգնում էինք, 5 րոպե՝ գնում, ու այդպես՝ մի քանի օր։ Ճանապարհի կեսին ուտելիքը վերջացել էր։ Թեև առաջարկեցին Գորիսում որևէ հյուրանոցում ապաստանել, բայց չմնացինք, միանգամից եկանք Հրազդան»,- պատմում է Թամարան։
Ամուսնու եղբայրը՝ Արմեն Մարտիրոսյանը, գյուղից չի ցանկացել հեռանալ։ Արմենը զոհվել է մյուս եղբոր՝ 1992-ի արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած Պավել Մարտիրոսյանի հուշարձանը պաշտպանելիս․ կյանքի գնով չի թողել, որ թշնամին քանդի եղբորն ու մյուս անհետ կորած հերոսներին նվիրված հուշարձանը։
«Ինչ արեցինք, չցանկացավ գյուղից դուրս գալ, ասեց՝ չէ, գյուղում եմ մնալու, մնաց ու հենց գյուղում էլ զոհվեց»,- ասում է Թամարան։
Բազմազավակ ընտանիքն այսօր օգտվում է պետական աջակցության ծրագրերից։ Սննդի վրա գրեթե գումար չեն ծախսում. օգնություն են ստանում կազմակերպություններից, համայնքային կառույցներից։ Ստացած գումարներով երեխաներին շոր են գնել, վարձակալած տան ջրի խնդիրն են լուծել, ձմռան սկիզբ է՝ ջեռուցում դեռ չունեն։ Թամարայի խոսքով՝ ընտանիքը քիչ-քիչ հարմարվում է նոր կյանքին, սակայն ասում է՝ մտքով Գետավանում են, ուր հարազատների գերեզմաններն են թողել։
«Ամուսինս աշխատանք է գտել երեխաներս դպրոց են հաճախում, արդեն հարմարվել ենք, բայց ոչինչ չենք կարողանում մոռանալ: Փոքր տղաս այն օրն ասում էր՝ չե՞նք գնում մեր տուն։ Ես էլ եմ մեր տունն ուզում՝ եկած օրվանից։ Ճիշտ է, այստեղ՝ Հրազդանում, 17 տարի ապրել եմ, Գետավանում՝ 13, բայց այստեղ ճնշվում եմ։ Անընդհատ ամուսնուս ասում եմ՝ մեր տունն ու բակն եմ ուզում, ասում է՝ ես էլ եմ ուզում, բայց որ չկա, ի՞նչ կարող ենք անել»,-պատմում է Թամարան։
Արցախ վերադառնալու հույս Թամարան չունի, փորձում է լավատես լինել։
«Եթե 2020-ի պատերազմի ժամանակ այդ հույսը կար, հիմա՝ չկա։ Մենք էլ տուն չունենք։ Մեզնից հետո՝ հարց է, թե ինչ է կատարվել մեր տանը, մեր գյուղերի հետ։ Տեսանյութերը նայում՝ փշաքաղվում ենք, մտնում, քանդում են, ավիրում են․․․ Վերադարձի հույս չկա, դրա համար որոշել ենք այստեղ մնալ, մեր երեխաների ապագան այստեղ կառուցել»,- նշում է նա։
Երբ պատերազմն սկսվել է, Թամարայի դուստրը՝ 11-ամյա Ռիման, բակում է եղել։
«Միշտ հավաքվում էինք մեր բակում ու խաղում էինք։ Երբ սեպտեմբերի 19-ին պատերազմն սկսվեց, մենք մեր սիրելի մարդկանց, ընկերներին վերջին անգամ տեսանք․․․»,- պատմում է Ռիման։
Նա փորձում է գտնել ընկերներին: Այժմ սովորում է Հրազդանի այն նույն դպրոցում, որտեղ ժամանակավորապես տեղափոխվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Ինձ ուրիշ դասարան էին տարել, բայց հետո մայրիկս խնդրեց տեղափոխել այն նույն դասարան, ուր 2020-ին էի սովորել։ Երբ երեխաներն ինձ տեսան, շատ ուրախացան»,- ասում է նա։
Ռիմայի ամենամեծ երազանքն Արցախ վերադառնալն է, բայց գերազանց սովորող աղջիկն այլ նպատակներ էլ ունի՝ ցանկանում է բժշկուհի դառնալ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Մանրամասները՝ Armenia Today-ի ռեպորտաժում։
Աննա Բադալյան