Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Բաքվի հակահայկական հռետորաբանությունը շարունակվել է Արցախի գրավումից հետո և դա կապել է Ադրբեջանում ժողովրդավարական ազատությունների բացակայությունը թաքցնելու անհրաժեշտության հետ։ «Անկախ ռազմական գործերի վիճակից՝ Ալիևի վարչակարգը խթան կունենա շարունակելու իր թշնամական քարոզչությունն այնքան ժամանակ, քանի դեռ կշարունակի ճնշել ժողովրդավարական ազատությունները»,- գրում է կազմակերպությունը հոդվածում։
Freedom House-ը բացատրել է, որ հայերին ապամարդկայնացնելու հռետորաբանությունը միավորում է Ադրբեջանի քաղաքացիներին ընդդեմ ընդհանուր քավության նոխազի և շեղում է նրանց այն փաստից, որ ադրբեջանցիները չունեն քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություններ: Կազմակերպությունը հիշեցրել է, որ 2023 թվականի Freedom House-ի «Ազատությունն աշխարհում» զեկույցում Ադրբեջանն ստացել էր 100 միավորից 9 միավոր, իսկ 2023 թվականի «Անցումային փուլում գտնվող երկրները» զեկույցում՝ 1,07 միավոր, որում Ադրբեջանը ճանաչվել էր « կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ»։
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ ներքին ռեպրեսիաներն արդարացնելու անհրաժեշտությունը կստիպի Ադրբեջանի կառավարությանը ձգտել ռազմական նոր հաղթանակների ու տարածքային նվաճումների։ «Ձևափաչը չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհի դեմոկրատական երկրները չեն ճանաչում խաղաղությանն ու ազատությանն սպառնացող այս վտանգը և հստակ ձևակերպում են համաձայնեցված պատժամիջոցները, որոնք նրանք կկիրառեն՝ ի պատասխան ցանկացած հետագա ագրեսիայի»,- եզրափակել է Freedom House-ը:
Սեպտեմբերի 11-ին Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը կոչ էր արել ժողովրդավարական երկրներին գործել՝ պաշտպանելու մարդու իրավունքները և կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում։
Հոկտեմբերին Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կազմել էր Արցախում հայերի դեմ ադրբեջանական քարոզչության ուղեցույց և նշել Բաքվի ութ առանցքային թեզերը: Նոյեմբերի 1-ին ինստիտուտը զգուշացրել էր մոտ ապագայում ադրբեջանական ներխուժման վտանգի մասին: