Իտալիայում Հայաստանի մշակութային դիվանագիտությունը կկարողանա փոխել Հռոմի ադրբեջանամետ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում և ապահովել Իտալիայի աջակցությունը արցախցիներին, հայտնում է «Special Eurasia» աշխարհաքաղաքական հետազոտությունների կայքը։
«Հաշվի առնելով Իտալիայի և Ադրբեջանի միջև աճող հարաբերություններն ու համագործակցությունը, թեև Հռոմն ու Երևանն ունեն մշակութային և պատմական ամուր կապ, Հայաստանը կարող է ձգտել հավասարակշռել Բաքվի ազդեցությունը՝ ամրապնդելով մարդկանց միջև կապերը և բարձրացնելով հանրային իրազեկվածությունը արվեստի ցուցահանդեսի միջոցով », – ասվում է հոդվածում:
Վերջերս կայացած «Արցախ. հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից 2023 թվականին» լուսանկարների ցուցահանդեսը, ըստ հեղինակի, լավ քայլ էր այս ուղղությամբ։ Այն տեղի ունեցավ նոյեմբերի 28-ին Իտալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի աջակցությամբ և Իտալիայի քաղաքացիներին և քաղաքական գործիչներին տեղեկացրեց Հայաստանում վերաբնակեցվելուց հետո արցախցիների վիճակի մասին։
Հոդվածի հեղինակ Սիլվիա Բոլթուկը հիշեցրել է, որ վերջին տարիներին Իտալիան ուժեղ առևտրային գործընկերություն է զարգացրել Ադրբեջանի հետ և ավելի քիչ ուշադրություն և հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ, ինչը կարող է պայմանավորված լինել մշակութային դիվանագիտության վարման գործում Երևանի անբավարար ջանքերով։ Նա նաև այս միտումը բացատրել է ադրբեջանական գազից եվրոպական երկրների աճող կախվածությամբ՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով։ Բոլթուկը նշել է, որ թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի նոր հարաբերակցությունը թույլ չի տա Երևանին լուծել ղարաբաղյան հակամարտությունը Արցախի ժողովրդի ցանկալի ձևով, հումանիտար խնդիրը դեռևս սուր է և միջազգային հանրայնացման կարիք ունի։ Այս առումով նա ընդգծել է տարբեր երկրներում մշակութային միջոցառումների անցկացման դերը՝ իրազեկվածության բարձրացման և համաշխարհային դերակատարների ջանքերի ակտիվացման համար՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին:
«Այդ պատճառով Իտալիան կարող է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը միջնորդելու կամ դյուրացնելու դիվանագիտական ջանքերի կենտրոնում՝ հաշվի առնելով երկու երկրների առևտրային գործընկերոջ դիրքը և հատկապես Երևանի հետ Հռոմի մշակութային կապերը», – եզրափակել է Բոլթուկը։
Նոյեմբերին լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իտալիան, Հունաստանի և Բուլղարիայի հետ միասին, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հունվարից սեպտեմբեր 4,3%-ով ավելացրել է Ադրբեջանից գազի ներմուծումը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։