Գրիգորյանների ընտանիքն Արցախի Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից է, որտեղ ապրել են մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, երբ գյուղն անցավ թշնամու վերահսկողության տակ։ 3 երեխա ունեն՝ Լուսինեն, Արգինեն, Արմենը։ Աղջիկներն ամուսնացած են, փոքրը տղան է։ 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով ընտանիքը բռնի տեղահանվել է Ստեփանակերտից և այսօր վարձով ապրում է Հրազդանում՝ կրտսեր աղջկա, ամուսնու ու նրանց երեխայի հետ։ 5 հոգանոց ընտանիքում ոչ ոք դեռ չի աշխատում, տան հայրը՝ Քաջիկ Գրիգորյանը, դեղագործ է, սրտի կաթված ստանալուց հետո հիմա ամեն ինչ չէ, որ կարողանում է անել:
Ընտանիքը նոր պայմաններին դժվարությամբ է հարմարվում։ Քաջիկ Գրիգորյանն Armenia Today-ին պատմում է, որ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Դրախտիկից վերջինն է դուրս եկել:
«Առավոտյան գնացինք խաղող հավաքելու ու ձայներ լսեցինք։ Հասկացանք, որ կռիվն արդեն սկսվել է։ Հավաքվեցինք ու եկանք տուն, տղաներից դիրքեր գնացին։ Քանի որ կաթված էի ստացել, չգնացի դիրքեր, բայց մինչև վերջին օրը մնացի գյուղում։ Հետո գնացի հարևան գյուղ՝ բարեկամներս այնտեղ էին, երբ այնտեղ էլ իրավիճակը լարվեց, մյուս գյուղ գնացի։ Մտածեցի՝ ինչքա՞ն կարող եմ ուրիշ տեղ մնալ, ուզում էի նորից մեր գյուղ վերադառնալ։ Եղբայրս դիրքերում էր, զանգեց ու ասաց՝ հանկարծ տուն չգնաս, թուրքերն արդեն գյուղում են։ Այդպես ամեն ինչ թողեցինք՝ եկանք Ստեփանակերտ»,- պատմում է նա։
Ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտում վարձով է ապրել, հետո՝ ծերանոցում: 2023-ին Ստեփանակերտից վերջինը դուրս եկած ընտանիքներից են եղել։
«Թոռանս մանկապարտեզից տուն բերեցի ու կռիվն սկսվեց։ Մի քանի օր դադար տվեցին, մտածեցինք՝ կռիվն ավարտվեց, բայց ասեցին՝ չէ, ժողովուրդը պետք է դուրս գա քաղաքից, թուրքերն արդեն մտնում են Ստեփանակերտ։ Գնացինք Ստեփանակերտի օդանավակայան, մի 3 օր մնացինք, 4-րդ օրը դուրս եկանք։ Շատ լուրջ էր վիճակը։ Մեր տեղը չգիտեին։ Մտածել էին՝ բոլորն արդեն դուրս են եկել օդանավակայանից։ Ավտոկայանի տնօրենի համարը գտա, զանգահարեցի ու ասացի՝ դեռ 140 մարդ կա այստեղ։ Երկու ավտոբուս բերեցին, տեղավորվեցինք․ մեր դուրս գալուց մեկ ժամ հետո թուրքերը մտել են օդանավակայան»,- ասում է տան հայրը։
Հրազդան մեկ օրում են հասել։
«Անցակետում թուրքերը մտան, նաև հեռախոսներն էին նայում։ Ջուր էին հյուրասիրում, բայց գիտեինք, որ իրենց տված ջուրը չի կարելի խմել։ Ջուրը վերցրինք, բայց ճանապարհին թափեցինք»,- պատմում է նա։
Ընտանիքում կարոտով են հիշում Արցախը, ուր վերադառնալու հույսը տան ավագների մոտ գրեթե մարել է:
«Երբ դեռ Ստեփանակերտում էինք, հավատում էինք, որ կարող է հետ գնանք մեր տուն՝ Դրախտիկ։ Բայց արդեն հավատ չկա․․․»,- նշում է Գրիգորյանը։
Քաջիկի կինը` Ալվինա Գրիգորյանը, Ստեփանակերտում խանութում է աշխատել, Ադրբեջանի հարձակման օրը՝ սեպտեմբերի 19-ին, տանն է եղել:
«Թոռս՝ Լուիզան, որը նոր էր եկել մանկապարտեզից, սկսեց լաց լինել ձայներից։ Ասաց՝ «տատիկ, ի՞նչ ձայներ են»։ Ասացի՝ բան չկա, հետո գրկեցի, գնացինք նկուղ։ Այնտեղ էլ շատ լացեց։ Հիմա երեխան ամեն ինչից վախենում է»,- ասում Ալվինան՝ նշելով, որ երեխային հոգեբանի մոտ են տարել։
Թոռներով շրջապատված Ալվինան չի կարողանում հարմարվել այն նոր կյանքին, որն ստիպված են Արցախից հեռու կառուցել։
«Հիմա շատ դժվար է, չենք հարմարվում»,- նշում է Ալվինան։
Կրտսեր աղջիկը՝ 23-ամյա Արգինեն, որն ամուսնու և փոքրիկ դստեր հետ ապրում է ծնողների հետ, Շուշիի Շրջանի Եղցահող գյուղ է հարս գնացել։ Մասնագիտությամբ մանկավարժ Արգինեի ամուսինը ՊԲ աշխարհազորային շտաբում է աշխատել։ Բլոկադայից առաջ ամուսնու հետ եկել է Հրազդան, հետո ամուսինը վերադարձել է Արցախ։ Օրեր անց ճանապարհը փակվել է, և ընտանիքը մի քանի ամիս իրարից հեռու է ապրել։ Ամուսինն առողջական խնդիրներ է ունեցել։ Բլոկադայի պայմաններում միայն ամիսներ անց են կարողացել Կարմիր խաչի միջոցով նրան Երևան տեղափոխել։
Արգինեն կարոտով ու ցավով է հիշում Արցախը։
«Ամեն ինչ հիշում ենք ու կարոտում։ Հիմա փորձում ենք մեր բալիկի հետ՝ իրենով առաջ գնալ։ Փորձում ենք իր միջոցով մոռանալ այդ ցավը, բայց շատ դժվար է»,- պատմում է Արգինեն։
Արցախ վերադառնալու հույսն Արգինեն չի կորցնում։
«Երևի մի օր կվերադառնանք ու մեր երեխաներին ցույց կտանք, թե որտեղ ենք ապրել, որտեղ է եղել մեր հայրենիքը։ Աղջիկս Ստեփանակերտում է ծնվել։ Ցավալի է, որ չի կարող տեսնել իր ծննդավայրը»,- նշում է Արգինեն։
Ամուսինը, երեխան ու Արգինեն պետական աջակցության ծրագրերից չեն օգտվում. սոցապից պատճառաբանել են, որ շահառու չեն։ Ընտանիքում միայն ծնողներն ու եղբայրն են սոցիալական աջակցության ծրագրերից օգտվում, որով փորձում են գոյատևել։ Հայրը Հադրութի Դրախտիկում տարիների ստեղծածը, իրական դրախտ հիշեցնող խաղողի այգիները հիշելով է փորձում Հայաստանում նոր կյանք կառուցելու ուժ գտնել։ Հայաստանից գնալու մտադրություն չունեն․ երազում են տան, աշխատանքի ու, ամենակարևորը, խաղաղության մասին:
Մանրամասները՝ Armenia Today-ի ռեպորտաժում։
Աննա Բադալյան
Armenia Today-ի՝ «Կյանքն՝ Արցախի կորստից հետո» շարքի նախորդ ռեպորտաժն՝ այստեղ։