Պետական հստակ քաղաքականություն կա, որ արցախցիները չմնան Հայաստանում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ արցախցիներին Հայաստանում պահելու համար պետք է լուծել երկու հարց՝ բնակարանի և աշխատանքի, այլ բան պետք չէ, սակայն, ըստ Թովմասյանի, երկու դեպքում էլ ունենք խնդիրներ:
«Գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպում եմ արցախահայերի հետ, մարդիկ ինձ ասում են, որ իրենց պարտադրում են, ասում են՝ ՀՀ քաղաքացի դարձեք, որ Ձեզ աշխատանք տանք: Այն փոքրիկ հիշողությունը, որ մնացել է, Արցախի անձնագիրն է, որտեղ գրված է Արցախում իրենց բնակության մասին, այդ անձնագրերից փափուկ ուժի կիրառմամբ իշխանություններն ստիպում են հրաժարվել»,- նշել է Թովմասյանը։
Պատգամավորի կարծիքով՝ բոլոր այն լոզունգները, խոսույթները, որ տարածվում են, թե ամեն ինչ անում են արցախահայերի համար, կեղծ է:
«Կոնկրետ իմ առաջարկը մերժում են: Առաջարկել եմ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ապահովել բնակարանի հարցը և ֆունդամենտալ լուծել։ Բնակարան ձեռք բերելու համար առաջարկում էի ամեն ընտանիքի տալ 20 մլն դրամ, այսինքն՝ մոտ 50 հազար դոլար, բայց պայմանով, որ դրանք պիտի գնվեն կամ կառուցվեն մարզերում՝ Երևանից դուրս, եթե մենք ուզում ենք, որ մարզերն էլ համաչափ զարգանան»,- ասել է Թովմասյանը:
Նա հավելել է, որ 2020-ի պատերազմից հետո հավաստագիր է ստացել 3763 արցախցի, բայց բնակարան է ձեռք բերել 1735-ը, այսինքն՝ դա արդյունավետ լուծում չէ. «Սա ողբերգական թիվ է: Եթե արտագաղթել են, սա ողբերգություն է, այսինքն, Հայաստանը չի կարողանում ապահովել, որպեսզի մեր քույրերն ու եղբայրները մնան, իսկ միայն այս տարվա սեպտեմբերի 19-ից հետո մոտ 3000 հոգի արդեն արտագաղթել են, դա պաշտոնական թիվն է»,- ասել է պատգամավորը:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 19-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝...