Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել 5351 անձ, ընդ որում՝ կրթության ոլորտում՝ 947 անձ, սպասարկման և ծառայության ոլորտներում՝ 731 անձ, մշակող արդյունաբերության ոլորտում՝ 674 անձ, կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի ասուլիսի ժամանակ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ զբաղվածության համար նախարարությունը երկու ծրագիր է մշակել, որոնք վերջանականացման փուլում են գտնվում և հաստատման պարագայում կգործեն 2024թ․ սկզբից։
Սարգսյանը հավելել է, որ նախատեսում են զբաղվածության ծրագրեր իրականացնել միջազգային գործընկերների հետ համատեղ։ «Եթե մարդը փնտրում է աշխատանք, ապա վստահաբար այն կարող է գտնել Հայաստանում, քանի որ տարբեր ոլորտներում առկա են մոտ 5000 թափուր աշխատատեղեր»,- համոզմունք է հայտնել նա։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Մանրամասները՝ տեսանյութում