Ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստան հարկադիր վերաբնակեցման ճանապարհին Դավիթ Ղահրամանյանի կողմից արված Արցախի քաղաքացու լուսանկարը ներառվել է Reuters-ի «2023 թվականի լուսանկարները և դրանց հետևում գտնվող պատմությունները» ժողովածուում։
«Մինչ բռնի գաղթը տեղի էր ունենում, Ղահրամանյանը ճանապարհի եզրին լուսանկարել է հորը լաց լինելիս»,- ասվում է հավաքածուի նկարագրության մեջ։
Գործակալությունը նշել է, որ Ստեփանակերտից Հայաստանի սահման 77 կմ երկարությամբ ճանապարհը լուսանկարչից և նրա ընտանիքից խլել է 24 ժամ։
«Դավիթ Ղահրամանյանն ու իր ընտանիքը մեքենայով գնում էին խցանված լեռնային ճանապարհով։ Մեքենաները, բեռնատարները, ավտոբուսները և տրակտորներն անցնում էին անցուղու վրայով, հաճախ երթևեկության երկու կամ երեք գոտիներով, բոլորը՝ նույն ուղղությամբ»,- ավելացրել է Reuters-ը:
Գործակալությունը հիշեցրել է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով Արցախի բնակչությունն ստիպված է եղել լքել իր տները նվազագույն չափով գույքով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100․632 մարդ։