ԼՂ պետական համակարգի լուծարման գործընթացն անխուսափելի է դարձել 2016-ի օգոստոսին, դեկտեմբերի 9-ին Իջևանում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրականում՝ այդ գործընթացն անխուսափելի է դարձել 2016 թվականի օգոստոսին՝ բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս հայտարարությանն ավելի կոնկրետ անդրադառնալու առիթներ դեռ կլինեն։
«Մենք մեր պետության ամբողջ ռեսուրսը ծախսել ենք անլուծելի խնդրի վրա։ Մեզ ասել են՝ ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ մի կառուցի, բանակն ինչի՞դ է պետք։ Մենք մեր այն ամբողջ ռեսուրսը, որը պետք է ուղղեինք պետություն՝ Հայաստանի Հանրապետություն ստեղծելու վրա, դրել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու անլուծելի խնդրի վրա»,- նշել է Փաշինյանը։
Նա նշել է, որ ներկայիս իշխանության առաքելությունը Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարությունը ամրացնելն է կամ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելը որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավար և ազատ իրավական պետություն։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։