Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հավատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում ստացած մանդատին, վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը, ասված է Արցախի ԱԺ՝ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի օրվա առթիվ արված հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռված կողմերի կատարված և կատարվող քայլերի ինտենսիվությունն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը»,- ասված է հայտարարության մեջ։
Արցախի ԱԺ-ն ընդգծել է, որ 1991 թվականի Անկախության հանրաքվեն այն հիմնաքարն էր, որի վրա կառուցվեց Արցախի Հանրապետությունը և դարձավ համայն հայության պարծանքն ու հաղթանակի փարոսը:
«Արցախի ժողովուրդը 2006 թվականի նույն օրը Սահմանադրության ընդունման հանրաքվեով մեկ անգամ ևս արտահայտեց անկախ պետություն ունենալու և ազատության համար պայքարի ուղին անշեղորեն շարունակելու իր կամքը: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մեր հայրենակիցներ, այդ թվում՝ երեխաներ և կանայք, հայաթափվեց հայ ժողովրդի հազարամյա հայրենիք Արցախը»,-հավելել են ԱԺ-ում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։