Արգենտինահայ բժիշկ Պաբլո Էլմասյանը բարեգործական ուլտրամարաթոն է սկսել՝ վազելով Բուենոս Այրեսից Մոնտեվիդեո՝ FIDEC Armenia կազմակերպության՝ Արցախի տեղահանվածներին օգնելու նախաձեռնության շրջանակներում, հայտնում է նախաձեռնության կայքը։
«Մի քանի տարի առաջ որոշեցի համատեղել միջքաղաքային վազքի իմ կիրքն ու փորձը բարեգործական նպատակների հետ: Այժմ, երբ սկսում եմ այս ճանապարհորդությունը, գործադրում եմ այս բոլոր ջանքերը՝ աջակցելու FIDEC նախագծին՝ բարելավելու Արցախի փախստականների և Հայաստանի Շիրակի մարզի գյուղական համայնքների բնակիչների առողջապահական ծառայությունները»,- գրել է բժիշկն Instagram-ում։
Էլմասյանը դեկտեմբերի 3-ից սկսել է «Առաջընթաց՝ բարելավելու առողջապահությունը Հայաստանում» մարաթոնը և նախատեսում է մինչև դեկտեմբերի 16-ը վազել 600 կմ: 14-օրյա մրցավազքով, ըստ բժշկի, իր խորին երախտագիտությունն է հայտնում Ուրուգվային և Արգենտինային՝ Հայաստանին և հայերին ցուցաբերած անմնացորդ աջակցության համար։
«Արցախում տեղի ունեցած վերջին ավերիչ իրադարձությունները խոր վիշտ և անհանգստություն են պատճառել մեզ։ Այժմ, առավել քան երբևէ, փախստականները մեր աջակցության և համերաշխության կարիքն ունեն ՝ հաղթահարելու այս հրատապ հումանիտար ճգնաժամը»,- գրել են ուլտրամարաթոնի կազմակերպիչները և նշել, որ մարաթոնում հավաքագրված միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների առողջապահական ծրագրերին:
Դանիել Ստամբուլյանի կողմից հիմնադրված FIDEC-ը նաև աշխատում է զարգացող երկրներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու համար: Էլմասյանը ինֆեկցիոնիստ է և FIDEC-ի բժշկական տնօրենը, որն ամեն տարի ընտրում է Հայաստանի Շիրակի մարզի երկու գյուղ և առաջարկում բժշկական հետազոտությունների, խնամքի և բուժման լայն շրջանակ՝ առողջական ամենահրատապ խնդիրների համար:
«Այս համայնքների բնակիչների մեծամասնության համար մեր ծրագիրը եզակի հնարավորություն է ցմահ օգտվելու այս հիմնական առողջապահական ծառայություններից»,- ասվում է կազմակերպությունն իր կայքում:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Armenia Today-ը հարցում էր անցկացրել երևանցիների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում Արցախի ժողովրդին աջակցելու կառավարության միջոցառումներին։ Մանրամասները՝ տեսանյութում։