Արցախի Հանրապետության պետական մարմինները պետք է շարունակեն գործել, այս տեսանկյունից որևէ զիջում չպետք է լինի, Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք է հայտնել Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Նա շեշտել է, որ դա պետք է վերակազմակերպված ձևով լինի՝ ըստ նոր նպատակների, նոր հանգամանքների: «Այդ մարմիններն առանց որևէ խնդրի պետք է գործեն ՀՀ-ում, քանի որ Արցախի փախստական ժողովուրդը գտնվում է ՀՀ-ում: Առանց լրացուցիչ աղմուկի, լրացուցիչ գործողությունների պետք է շարունակեն իրենց գործունեությունը՝ առնվազն արտաքին քաղաքականության մասով ներկայացնելով մեր շահերը, իրավունքները: Այս տեսանկյունից ինձ համար ընկալելի չէ, որ առ այսօր Արցախի պետական մարմինները պասիվություն, իներտություն են ցուցաբերում, բայց ընկալում եմ պատճառները, որ ճնշում կա և՛ Ադրբեջանի, և՛ ՀՀ իշխանությունների կողմից»,- նշել է Բեգլարյանը:
Արցախի նախկին պետնախարարի խոսքով՝ եթե նույնիսկ ՀՀ-ի համար կան ռիսկեր, ապա առանց աղմուկի, երկխոսությամբ, որոշակի դերաբաշխումներ անելով կարելի է այնպիսի լուծումներ գտնել, որ մի կողմից՝ Արցախի պետական մարմինները գործեն, մյուս կողմից՝ ՀՀ իշխանությունները լրացուցիչ հրապարակային պատասխանատվություն չստանձնեն:
«Արցախի ժողովրդի անունից բանակցողներ պետք է լինեն, ՀՀ իշխանություններն այդ դերը չեն ստանձնում, մյուս կողմից՝ թույլ չեն տալիս, որ Արցախի իշխանությունները դա անեն»,- ասում է Բեգլարյանը:
Արցախի նախկին պաշտոնյան կարծում է, որ պետք է քաղաքական իրավունքների հարցը բարձրացնել և լուծումներ փնտրել, ոչ թե անհատական հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ աշխատել: Իսկ այս տեսանկյունից, ըստ նրա, ՀՀ-ն գլխավոր դերակատարը պետք է լինի, քանի որ տիրատեպում է հիմնական ռեսուրսներին, միջազգային իրավական գործիքակազմին:
Ինչ վերաբերում է Արցախի հասարակական-քաղաքական շրջանակների ինքնակազմակերպմանը, Բեգլարյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ որոշակի միտումներ կան, բայց այն չպետք է փոխարինի Արցախի պետական ինստիտուտների բացառիկ գործառույթներին: «Արցախի պետական ինստիտուները, առաջին հերթին, Ազգային ժողովը և նախագահը, պետք է շարունակեն գործել, այդ թվում՝ հրապարակային կերպով»,- մեկ անգամ ևս շեշտել է նա:
Բեգլարյանը բավարար չի համարել արցախցիների արտագաղթը կանխելուն ուղղված միջոցառումները: Նա դրական է գնահատում հոկտեմբերին կառավարության արագ արձագանքը, հատկապես՝ ֆինանսական աջակցության տեսանկյունից, սակայն երկու ամսից հետո դեռևս կան ֆինանսական աջակցությունների ստացման հապաղումներ, դրանց չափի հետ կապված հարցեր: Այսպիսի խնդիրները, ըստ նրա, լուրջ հետևանքներ են ունենում, այդ թվում՝ արտագաղթի տեսքով:
«Միտումն առկա է, բավականին շատ արցախցիներ արտագաղթել են կամ պատրաստվում են: Այստեղ գլխավոր խնդիրը զբաղվածության հարցը լուծելն է, սոցիալական ծրագրերը միայն ուղիղ սոցիալական աջակցություն չպետք է երաշխավորեն, այլ նաև շատ արագ պետք է ապահովեին զբաղվածության հարցը»,- նշել է նա՝ հավելելով, որ պետական համակարգային մոտեցում չի ցուցաբերվում զբաղվածության հարցը լուծելու առումով:
Մանրամասները՝ տեսանյութում։