Չինաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածներին, Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։
«Չինաստանը նկատել է, որ վերջին շրջանում մեծ թվով հայեր, ովքեր նախկինում ապրել են Լեռնային Ղարաբաղում, տեղափոխվել են Հայաստանի տարածք։ Հայաստանի կառավարությունը այս մարդկանց շնորհել է փախստականի կարգավիճակ և մի շարք միջոցներ ձեռնարկել նրանց հարմարվելու համար։ Որպես լավ բարեկամ և գործընկեր՝ Չինաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Չինաստանի կառավարությունը ֆինանսական օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը, իսկ Չինաստանի հասարակական բարեգործական ասոցիացիան՝ նյութական։ Չինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ»,- ասել է դեսպանը։
Ֆան Յոնգն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են միմյանց հետ։ Դիվանագետի խոսքով, ընդհանուր անվտանգության և զարգացման համար համագործակցությունը համապատասխանում է երկու ժողովուրդների հիմնարար շահերին և նպաստում տարածաշրջանում խաղաղության, կայունության և երկարաժամկետ բարգավաճման պահպանմանը։
«Մենք աջակցում ենք կողմերի ջանքերին՝ առավել ամրապնդելու փոխադարձ վստահությունը և շարժվելու նույն ու ճիշտ ուղղությամբ՝ հասնելու երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորմանը՝ ճանաչված միջազգային իրավունքին և միջազգային հարաբերությունների նորմերին համապատասխան։ Չինաստանն աջակցում է այս նպատակին հասնելու բոլոր դիվանագիտական ջանքերին և պատրաստ է իր կառուցողական ներդրումն ունենալ այս գործընթացում»,- ընդգծել է Չինաստանի դեսպանը։
Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնի հետ ամբողջական հարցազրույցը կհրապարակվի Armenia Today կայքում հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 22:00-ին։