Արցախից բռնի տեղահանված 761 բուժաշխատող պետպատվերի շրջանակում վերապատրաստվել է, նրանցից 212-ը՝ ավագ և 549-ը՝ միջին բուժաշխատողներ են, «Հումանիտար կենտրոն»-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
Նա հավելել է, որ ՀՀ տարբեր բուժհաստատություններում 180 արցախցի բուժաշխատող է անցել աշխատանքի։
Ջումայանը նաև հայտնել է, որ Երևանի տարբեր բուժհաստատություններում շարունակում են բուժում ստանալ պայթյունից տուժած 41 հիվանդներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է, 20 բուժառու շարունակում է բուժումը՝ ցերեկային ստացիոնար պայմաններում։
«5 տարբեր պետություններում գտնվող 20 հիվանդներից 6-ը արդեն վերադարձել է, մյուսները շարունակում են գտնվել Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում, Բուլղարիայում և ԱՄՆ-ում»,- հավելել է փոխնախարարը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել:
Մանրամասները՝ տեսանյութում