Այսօր Երևանում կայացել է «Վըսկէ ծերքեր» (Ոսկե ձեռքեր) տոնավաճառը, որին մասնակցել են Արցախից տասնյակ տեղահանվածներ՝ ներկայացնելով իրենց արտադրանքը: «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում անցկացվող տոնավաճառի մասնակիցների թվում էին հրուշակագործներ, ձեռագործ աշխատանքի մասնագետներ, կաշեգործներ, օճառագործներ, մոմեր, զարդեր, խաղալիքներ արտադրողներ և այլ արհեստավորներ։
Արցախի Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում 2023թ. հուլիսին նախատեսված փառատոնը ողբերգական հանգամանքների բերումով իրականություն է դառնում Երևանում: Միջոցառումը կազմակերպել է «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
Այստեղ արցախցի կանանց ձեռքի ու մտքի աշխատանքի արդյունքն է. նրանք, հաղթահարելով բազում կենցաղային, հոգեբանական ու սոցիալական խնդիրներ, իրենց մեջ ուժ են գտել շարունակել սիրած գործը, վերջին միջոցներով ձեռք բերել անհրաժեշտ գործիքներն ու հումքը, կոկիկ դասավորել սեփական աշխատանքներն ու, ժպիտի տակ քողարկելով ցավը, սիրալիր դիմավորում են իրենց սեղաններին մոտեցողներին:
Երևանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում հարյուրավոր տաղանդավոր արցախցիների աշխատանքն է՝ ինչպես կազմակերպիչներն են վերնագրել՝ «Վըսկե ծերքերի» արդյունքը:
Սրբուհի Վանյանը ներկայացնում է «Մին թաքուն տեղ» ապրանքանիշը, այն ստեղծվել է Արցախում մեկ տարի առաջ. մինչ այդ նախապատրաստական երկար փուլ է անցել: Մասնագիտությամբ լրագրող Սրբուհու աշխատանքն առանձնանում է արցախյան կոլորիտով, ասույթներով, բարբառով և հեղինակային նկարներով:
Armenia Today-ին նա պատմել է, որ այստեղ շուկան բավականին տարբերվում է արցախյանից, ավելի կոշտ է մրցակցությունը և դժվար է այս բազմազանության մեջ գտնել քո սպառողին:
Տոնավաճառ-ցուցահանդեսի կազմակերպիչ «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ն հիմնվել է «Արցախի մայիկների ակումբ» խմբի հիման վրա, որն անցած հինգ տարիների ընթացքում Արցախում տարբեր հասարակական, բարեգործական ծրագրեր էր իրականացնում: «Շրջափակման ընթացքում Արցախի մայրիկներին աջակցելու նպատակով գրանցվել էինք որպես կազմակերպություն, նախատեսել էինք Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում կազմակերպել տոնավաճառը: Երեք ոստիկանների սպանության, այլընտրանքային ճանապարհի փակման ու տոտալ շրջափակման հետևանքով ծրագիրը չիրականացավ»,- հայտնում է կազմակերպության համահիմնադիր Տաթևիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Արցախի մայրերը հենց հիմա ամենալուրջ աջակցության կարիքն ունեն, թուլանալու ժամանակ չկա ու պետք է բոլոր ջանքերը ներդնել՝ Արցախի կանանց աջակցելու համար:
Տաթևիկը փաստում է՝ դիմորդները շատ էին, ու միօրյա միջոցառմամբ չեն սահմանափակվելու, նպատակը՝ գոնե եռամսյակը, վեցամսյակը մեկ կրկնելն է:
Մուտքի աջ կողմում սեղանը լիքն է տարատեսակ քաղցրավենիքներով, կոնֆետներով ու շոկոլադով։ Դրանք պատրաստում է Անգելինա Գրիգորյանը։ Նրա պատրաստած կոնֆետները բելգիական շոկոլադից են՝ բնական մրգերի հավելումով։ Ստեփանակերտում Անգելինան բազմաթիվ պատվերներ ուներ, պատրաստում էր տարբեր խանութների ու փռերի համար, պատվերներ էր ստանում նաև Ռուսաստանից։ Այսօր նրա սկեսուրը՝ Էլեն Միքայելյանը, աշխատում է Անգելինայի հետ։ Ասում են, որ Արցախում մակարոնի արտադրության ընտանեկան բիզնես են ունեցել, հետո սկսել են շոկոլադ պատրաստել։ «Արցախից չհասցրինք մեզ հետ որևէ բան վերցնել, և հիմա կամաց-կամաց փորձում ենք ոտքի կանգնել»,- ասում է Անգելինան։
Մեր ուշադրությունն անմիջապես գրավում են չրերով ու ծաղիկներով զարդարված գեղեցիկ շոկոլադե սալիկները։ Էլենն ասում է, որ դրանք կոչվում են «երևակայական» սալիկներ, քանի որ դրանց ձևը հորինված է, ինչպես ասում են՝ «մտքի թռիչքով»: Այնուհետև նա ցուցադրում է տարբեր միջուկներով կոնֆետներ՝ ազնվամորի, նարինջ, վանիլ, բալ, կիտրոն, ընկույզ և նույնիսկ կոնյակ: Ի՞նչն է լավագույնս համապատասխանում այս քաղցրավենիքին: Իհարկե, Արցախի անտառներում խնամքով հավաքված խոտաբույսերից պատրաստված թեյը։ Դրա արտադրությունն իրականացնում է Հասմիկ Բաղունցը, նա արդեն մի քանի տարի է, ինչ հավաքում և չորացնում է տարբեր բուսական թուրմեր՝ դրանք համադրելով մրգերի ու ծաղիկների հետ։ Սեղանին վերջին մի քանի տուփ թեյն է՝ ուրցով, լինդով, երիցուկով և սուսամբարով։ «Այս ամենը հավաքվել է վերջին ամիսներին, մեծ մասն արդեն սպառված է, մնացել են վերջին փաթեթները»,- տխուր ասում է Հասմիկը։
Հասմիկի թեյի կողքին սեղանին շարված են տարատեսակ չրեր ու կանգնած է արցախցի երիտասարդ աղջիկ՝ Ալյոնա Աղաջանյանը։ Նա մասնագիտությամբ մանկավարժ է և դպրոցում կենսաբանություն է դասավանդում, բայց նաև վարում է իր սեփական բիզնեսը՝ պատրաստելով չրեր, նարնջի կեղևով թեյեր և մրգային չիպսեր: Արցախում Ալյոնան ուներ իր սեփական տունը՝ պտղատու այգիով, որի պտուղները՝ վառ ու հյութալի չրերի տեսքով, կոկիկ փաթեթավորված էին ու ժապավենով կապած։ «Այժմ ես տնային արտադրություն ունեմ, բայց երազում եմ սեփական խանութ բացել և աշխատանքով ապահովել արցախցի հայրենակիցներիս։ Հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի»,- իր ծրագրերով է կիսվում Ալյոնան։
Մյուս կողմում փայտե արձանիկներով սեղան է դրված, որի հետևում երկու երիտասարդ աղջիկներ ամաչկոտ ժպտում են։ Յանա Մինասյանն ու Մարինա Ասլանյանը ընկերներ են. Նրանց ընտանիքները բնական հումքից փայտե խաղալիքներ են արտադրում: Աղջիկներն ասում են. «Մենք ինքներս ենք նկարում ապագա խաղալիքների էսքիզները, այնուհետև դրանցով համակարգչային ձևանմուշ ենք ստեղծում, իսկ հետո հայրիկը փայտե արձանիկները վերածում է լիարժեք խաղալիքների»:
Յանայի մոր՝ Լաուրայի խոսքով, իրենց ընտանիքը Հադրութից է, որտեղ նրանք ունեին իրենց արհեստանոցը։ Ապրում էին Ստեփանակերտում, որտեղ նույնպես ստուդիա են բացել, բայց հետո ստիպված են եղել լքել այն, իսկ այժմ վերականգնում են իրենց ընտանեկան բիզնեսը։ «Մենք խաղալիքներ չենք ներկում, դրանք բնական գույներով են, մենք դրանք ուղղակի ծածկում ենք կտավատի յուղով կամ պրոպոլիսով, խուսափում ենք քիմիական լաքերից, որպեսզի խաղալիքներն անվտանգ լինեն երեխաների համար»,- ասում է Լաուրան։
Անցնելով բազմաթիվ տաղավարների կողքով՝ կանգ ենք առնում անծանոթ քաղցրավենիքներով տուփերի մոտ՝ տարբեր ֆիգուրների տեսքով։ Դրանք թխում է Սիլվա Սարգսյանը։ Բացի ավանդական թխվածքներից, նա նաև տնական հալվա է պատրաստում։ Սիլվան ասում է, որ երկու անգամ տեղահանվել է: «Նա Ասկերանից Ստեփանակերտ, իսկ հիմա՝ Ստեփանակերտից Էջմիածին»,- ասում է նա։
Ամալյա Գասպարյանն Արցախյան թեմատիկայով պատրաստված իրեր, բլուզներ, բաժակներ է ներկայացնում: Ասում է՝ Արցախում որպես հոբբի էր զբաղվում այդ գործով, այստեղ մտադիր է շարունակել, եթե արդյունք տա:
Շատ ընտանիքների համար երբեմնի սիրած զբաղմունքը հիմա ապրուստի միակ միջոցն է դարձել։
Շուշիից Արտակ Գաբրիելյանը տոնավաճառի ընթացքում անհատական պատվերներ է պատրաստում: Չնայած հոգեբանական ծանր վիճակին՝ վերադարձել է իր աշխատանիքն, քանի որ շատ է սիրում փայտի հետ աշխատանքը: Պատրաստած խաղալիքներն ու հուշանվերները իրացնում է Հրազդանի խանութներում ու առցանց վաճառքով:
Լիլին տոնավաճառին ցուցադրում է արցախյան թեմատիկայով նկարազարդ բաժակներ, Հայաստան տեղափոխվելուց հետո շարունակում է իր աշխատանքը և օրվան համահունչ ընդլայնել է տեսականին: Ասում է՝ գնորդները հիմնականում Արցախից են ու հիմնականում Արցախի խորհրդանիշներով հուշանվերներ ու սպասք են պատվիրում:
Իսկ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում աշխատող Արփինե Զաքարյանը ասեղնագործված, հուլունքագործված գործեր է ներկայացնում:
Օրը հագեցած էր մշակութային կատարումներով, անակնկալ նվերներով, սիրված ու ճանաչված հայերի այցելությամբ և, իհարկե, արցախյան հյուրասիրությամբ: Ելույթներ են ունեցել ջութակահարուհի Լիլիթ Ռուշանյանը, Արցախի վաստակավոր արտիստ Վիտալի Ղազարյանը, Լիլիթ Ավանեսյանը, իսկ երեխաների առօրյան ապահովել են աճպարարի ելույթները, լուսային շուոն, ձեռքի աշխատանքը: