Հայաստանը կարող է հասնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դատապարտմանը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար՝ անկախ նրանից, թե Բաքուն ճանաչում է Միջազգային Քրեական դատարանի իրավասությունը, հայտարարել է ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ իր երկրորդ զեկույցում։
«Պատերազմական հանցագործությունները, որոնք կատարվել են բացառապես Ադրբեջանում, չէր կարող հետաքննել ՄՔԴ-ն։ Սակայն տեղահանությունը, որպես մարդկության դեմ հանցագործություն, և ցեղասպանության դրսևորումները՝ երկրորդ հոդվածի երկրորդ և վեցերորդ հոդվածի երկրորդ պարբերության հատկանիշներով, կատարվել են նաև Հայաստանում»,- նշել է Օկամպոն և ընդգծել, որ բռնի տեղահանությունը, ըստ Ցեղասպանության կոնվենցիայի, նույնպես համարվում է էթնիկ զտումների հատկանիշ:
Ըստ արգենտինացի իրավապաշտպանի՝ ՄՔԴ-ն իրավասու է հետաքննել շարունակական բնույթի հանցագործությունները, ինչպիսիք են արտաքսումը, հետապնդումը և այլ անմարդկային գործողություններ, որոնք սկսվել են ՄՔԴ-ի կողմ չհանդիսացող պետության տարածքում և շարունակվել ՄՔԴ անդամ ցանկացած պետության տարածքում։ Օկամպոն հիշեցրել է այս մեխանիզմի կիրառումը՝ ՄՔԴ անդամ չհանդիսացող Մյանմարի դեպքում, որտեղից 2016 թվականին Ռոհինջա էթնիկ խմբի ավելի քան մեկ միլիոն անդամներ հարկադրաբար վերաբնակեցվել են ՄՔԴ անդամ պետություն Բանգլադեշում: «Այս նախադեպից հետո Միջազգային քրեական դատարանը իրավասու կլինի հետաքննել նախագահ Ալիևի ներգրավվածությունը շարունակական բնույթի հանցագործություններին, ինչպիսիք են արտաքսումը, հետապնդումը և այլ անմարդկային գործողությունները, որոնք սկսվել են ոչ անդամ Ադրբեջանի տարածքում և շարունակվել Հայաստանի տարածքում»,- եզրափակել է նա։
Օկամպոն ընդգծել է, որ Միջազգային քրեական դատարանն Արցախում էթնիկ զտումները հետաքննելու համար կարևոր է, որ Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի մասնակից երկրները ճանաչեն ցեղասպանության փաստը, քանի որ հենց այս Կոնվենցիան է սահմանում ցեղասպանության մեջ մեղադրվող անձանց դատավարությունների անհրաժեշտությունը։ Դատավարությունը պետք է իրականացվի կամ այն պետության իրավասու տրիբունալի կողմից, որի տարածքում կատարվել է արարքը, կամ միջազգային քրեական դատարանի կողմից։ «Պետությունների ղեկավարների անձեռնմխելիությունը բացառում է նախագահ Ալիևի գործերը հետաքննելու ազգային դատարանների հնարավորությունը։ Սակայն նման անձեռնմխելիությունը չի ազդում Միջազգային քրեական դատարանի՝ իր հետաքննությունն իրականացնելու կարողության վրա»,- պարզաբանել է իրավապաշտպանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Օկամպոն Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել էր «ցեղասպանության գագաթնակետ»։