ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի իրավաբան-փորձագետ Իգոր Միրզախանյանը դատի է տվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, գրում է «Ժողովուրդ»-ը:
Ըստ թերթի՝ նա դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «19.10.2023թ. հրամանագիրն ու այդ հրամանագրի համար հիմք հանդիսացած 28.09.2023թ. հրամանագիրն անվավեր ճանաչել»։
ՄԻԵԴ հայաստանյան ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնեց, որ հայցի մասին տեղեկություն չունի, քանի որ Միրզախանյանը բավական ժամանակ է՝ իրենց աշխատակիցը չէ:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրմամբ հայտարարության համաձայն՝ մինչև 2024թ․ հունվարի 1-ը կլուծարվեն երկրի գերատեսչական իրավասության տակ գտնվող բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: Հայաստան Արցախից բռնի տեղահանվել է 100 632 անձ: