Իշխանական միջին օղակները Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի գլխի տակ փափուկ բարձ են փորձում դնել և Արցախի հարցը նրա տնօրինությունից հանել, գրում է «Հրապարակ»-ը:
«Այս շրջանակների խնդիրը Շահրամանյանին խաղից դուրս բերելը և Սամվել Բաբայանին առաջ մղելն է` արցախցիների հարցերում «կարգադրիչ» նշանակելով։ Վերջերս էլ Բաբայանն ու Շահրամանյանը հանդիպել են՝ քննարկել արցախցիների վերադարձի խնդիրը»,- մանրամասնում է թերթը:
Ըստ թերթի տեղեկությունների՝ Բաբայանը պնդել է, որ իրեն լիազորեն Ադրբեջանի հետ բանակցել, որպեսզի վերադարձի հարցը փորձեն լուծել: Իսկ եթե դա չի ստացվում, ապա փորձեն նրանց տեղավորել Սյունիքում։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։