Արցախի կառավարությունը խուսափում է երկրի լուծարման փաստաթուղթը չեղարկելու հրամանագիրը հրապարակել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցել են, որ արդեն իսկ կա այդ իրավական ուժ չունեցող փաստաթղթի չեղարկման հրամանագիր:
Թերթի համար տարօրինակ է, թե ինչու Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պաշտոնապես չի հայտարարում, որ չեղարկում է իր ստորագրած հրամանագիրը:
«Կարևոր է, որ այդ չեղարկման հրամանագիրը մինչև տարեվերջ հրապարակվի, որպեսզի այդ ուղերձը պաշտոնապես տրվի միջազգային հանրությանը: Այսպիսով, Արցախի լուծարման փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուն քիչ ժամանակ է մնացել, իսկ թե ինչպես կվարվի Արցախի կառավարությունը, ժամանակը ցույց կտա»,- գրել է թերթը:
Լրատվականն արձանագրել է, որ որևէ պաշտոնյայի ստորագրած հրամանագիր չի կարող լուծարել Արցախը, քանի որ այն ժողովրդի հանրաքվեով ստեղծված ինքնիշխան պետություն է՝ իր պետական կառույցներով ու ատրիբուտներով:
«Սամվել Շահրամանյանն ինքն էլ հայտարարել է, որ որևէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը՝ այսպիսով նաև ուղերձ հղելով, որ իր ստորագրած հրամանագիրն իրավական ուժ չունի»,- ասված է հոդվածում:
Արցախի նախագահի աշխատակազմից Armenia Today-ին հայտնեցին, որ նախագահ Շահրամամյանը մի քանի անգամ անդրադարձել է հրամանագրի հետ կապված հարցին, այդ թվում՝ հոկտեմբերի 20-ին Արցախի ներկայացուցչության մոտ տեղի ունեցած հավաքի ժամանակ։ «Համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը չի կարող հրամանագրով լուծարվել, հատկապես որ Արցախի Սահմանադրությամբ այդպիսի կետ նախատեսված չէ»,- ընդգծել են Արցախի նախագահականից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։