Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Հաղորդում են, որ Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Armenia Today-ի հետ զրույցում նշել էր, որ Արցախի նախագահի հրամանագիրը իրավական ուժ չունի, այն միջոց էր՝ փրկելու 100 հազարից ավելի մարդկանց։
«Ներկայացնելով կատարված ու կատարվող աշխատանքները՝ Շահրամանյանն ընդգծել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի նախագահի աշխատակազմից, Armenia Today-ին մեկնաբանել էին, որ համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը չի կարող հրամանագրով լուծարվել, հատկապես որ Արցախի Սահմանադրությամբ այդպիսի կետ նախատեսված չէ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։