Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ Էթնիկ զտումների այս քաղաքականության մասին դատարկ դատապարտումները բավարար չեն, իր տեսաուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը։
Նա խոստացել է, որ իր վարչակազմը մոբիլիզացնելու է միջազգային հանրությանը՝ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նկատմամբ, ապահովելու հայերի անվտանգ վերադարձն Արցախ և աջակցելու նրանց ինքնորոշման իրավունքին։
Ի թիվս այլնի՝ նախագահի թեկնածուն նշել է, որ ի տարբերություն 1915 թվականի ցեղասպանության, սա անշրջելի չէ։
«ԱՄՆ կառավարությունը պետք է կազմակերպի և մոբիլիզացնի համաշխարհային հանրությանը՝ քայլեր ձեռնարկելու, որպեսզի ապահովվի հայերի անվտանգ վերադարձն Արցախ և պաշտպանելու նրանց ինքնորոշման իրավունքը։ Սա մի իրավիճակ է, երբ խաղաղ պատժամիջոցներն, իրականում, կարող են գործել: ԱՄՆ-ն դեռևս ունի լծակներ այդ տարածաշրջանում, և կարող է օգտագործել այդ ուժը՝ մոբիլիզացնելու տարածաշրջանի բոլոր ազգերին՝ շտկելու այս մարդասիրական ողբերգությունը: Մենք պետք է ձգտենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացմանը։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող ժողովուրդ է, և նրան անհրաժեշտ է մուտք դեպի նավահանգիստներ և հարակից երկրներ»:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, վերջին տվյալներով, 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա) կա։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Մանրամասները՝ տեսանյութում։