Արցախից բռնի տեղահանված Վալենտինա Բալայանը ծնունդով Մարտակերտի շրջանի Գանձասար գյուղից է։ Ճանկաթաղ է հարս գնացել, ամուսնուն կորցրել է Արցախյան առաջին պատերազմում։ Ամուսնու զոհվելուց հետո երկու երեխաներին դժվարությամբ է մեծացրել։ Հետո տղայի հետ ջերմոց են սարքել՝ ապրելով չորս կողմից անտառներով շրջապատված Ճանկաթաղում։
Վալենտինան այսօր ապրում է Երևանում՝ եղբոր, հարսի ու տղայի հետ։ Եղբոր ծանոթներից մեկն Արցախի փողոցում գտնվող գործարաններից մեկի տարածքում սենյակ է տրամադրել։ Ընտանիքի համար առաջնահերթ աշխատանք ու տուն գտնելն է, քանի որ սենյակում կենցաղային պայմաններ չկան։ Տիկին Վալենտինան պատմում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ճանկաթաղի տունը վնասվել էր։ Տունը, որտեղից պարզ երևում էին թշնամու դիրքերը, նորից էին կառուցել։
«Տուն սարքեցինք, բայց այնտեղ ընդամենը 3 տարի ապրեցինք։ Եղբորս աղջիկը զանգեց, ասաց՝ դուրս գամ փողոց, կռիվն սկսվել է։ Տրաքոց լսեցի, մտա տուն, թաքնվեցի։ Սեպտեմբերի 19-ին մինչև ժամը 5 անց կես այդպես մնացել եմ։ Հետո հարսս զանգեց ու ասաց, որ դուրս գամ, բայց չգիտեի՝ ինչպես, կրակոցների ձայները լսում էի»,- պատմում է Վալենտինան ու նշում, որ մի կերպ է դուրս եկել տանից ու միացել համագյուղացիներին, որոնք ապաստարանում են եղել։
Ադրբեջանի հարձակման օրը՝ սեպտեմբերի 19-ին, Վալենտինան միայն հողաթափերն է հասցրել հագնել։ Տղան աշխատանքի է եղել, հարսն ու ինքը տնից ոչինչ չեն կարողացել վերցնել։
«Հետո եկել ենք, մոտավորապես 5 օր մնացել ենք ռուս խաղաղապահների մոտ։ Հետո ռուսներն ասացին՝ ձեզ տեղափոխում ենք»,- պատմում է նա։
Վայքում ընտանիքին մի կին է իր տանը հյուրընկալել, օգնել, անհրաժեշտ իրեր փոխանցել: Երևանում ընտանիքը բազմաթիվ կարիքներ ունի։ Սենյակի համար չեն վճարում, բայց պայմանները ծանր են։ Վալենտինան առողջական խնդիրներ ունի, նաև դեղորայքի կարիք կա։ Աջակցության ծրագրերից չի օգտվել, ինչո՞ւ՝ չեն պատճառաբանել։
Վալենտինան հասցրել է գյուղի տունը վերջին անգամ նկարել։ Ցույց է տալիս ու պատմում, թե ինչպես են նորից քարը քարի վրա դրել ու տուն կառուցել։ Բայց ասում է՝ տան կորստի ցավից ավելի մեծ ցավ կա։
«Ափսոսում եմ մեր ջահելներին, աչքիս տուն չի գալիս։ Որ քարը դնես քարի վրա՝ տուն կդառնա․․․ Բայց ջահելներ, էրեխեք ենք կորցրել։ Ամուսինս երբ սպանվեց, 36 տարեկան էր, բայց քանի 36 տարեկանների կորցրինք հետո։ Քանի 16, 18, 19 տարեկան ջահելների կորցրինք․․․ Բոլորը մնացին առանց հայր, եղբայր՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Տարբերություն չկա՝ մի բուռ հայ ենք։ Քանի նշանված ջահելներ կային, որոնց հարսանիքի օրն արդեն նշանակված էր․․․ Ափսոսում եմ, մեր գերեզմաններն եմ ափսոսում, մեր մատաղ սերնդին եմ ուզում։ Ուրիշ՝ ոչինչ»,- ասում է Վալենտինան։
Վալենտինայի որդին՝ 33-ամյա Ազատ Բալայանը, Ճանկաթաղի հանքում է աշխատել։ Սեպտեմբերի 19-ին մինչև աշխատանքից հասել է գյուղ, այն արդեն դատարկ է տեսել։ Ասում է՝ ծանր պատկեր էր։ Գյուղը 7 եկեղեցի ունի, որոնցից մեկը՝ Սուրբ Գևորգը, Ազատի խոսքով, ադրբեջանցիները խորհրդային տարիներին էին պայթեցրել։
«Վերջին տարիներին մեր գյուղի բարերարներից մեկը եկավ ու վերակառուցեց եկեղեցին։ Հանցագործ ադրբեջանցիները, որոնք մշակույթ չունեն, հիմա էլ կարող են մեր եկեղեցու խաչը հանել, իրենց լուսինը դնել․․․ Ամեն ինչ սպասելի է այդ ազգից»,- ասում է Ազատը։
Ազատը աշխատանք դեռ չի գտել։ Բացի Վալենտինայից, տան երեք անդամներն աջակցության ծրագրերից օգտվել են, բայց, Ազատի խոսքով, այդ գումարով հնարավոր չէ բոլոր կարիքները հոգալ։
«Մարդը եկել՝ զրոյից սկսում է։ Պետության միջամտությունը բավարար չէ։ Ես ստացել եմ սոցիալական աջակցություն, բայց մարդիկ կան՝ չեն ստացել կամ 100 հազարն այդ ինչ օգնություն է։ Միգուցե հանրակացարաններ տան, ծախսերն իրենց վերցնեն։ Մարդ կա՝ միայնակ է, 50 հազարով էլ Երևանում վարձով բնակարան չես գտնի։ Շատ թանկ է»,- նշում է Ազատը։
Վալենտինան կարոտում է Ճանկաթաղի հարևաններին։ Երազում է նրանց հետ մի թաղամասում ապրել, որտեղ այսօր իրենց շրջապատող գործարանի մետաղների փոխարեն գեղեցիկ այգի կլինի։ Վալենտինան, որն Արցախում արթնանում ու ամեն առավոտ իր բակի ծաղիկներն էր տեսնում, ասում է՝ եթե սեփական բակ ունենան, նորից Ճանկաթաղի տան ջերմոցները, նույն ապրուստը կստեղծեն։
Աննա Բադալյան