Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարության՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու որոշումից հետո Մոսկվան ադրբեջանական կողմի հետ է քննարկում Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը։
«Իրավիճակը «տեղում» կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել ճանաչել Ղարաբաղի պատկանելիությունն Ադրբեջանին, որն ապահովվել է ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերի Պրահայի հանդիպումից։ Այժմ մենք Ղարաբաղում խաղաղապահների ներկայության հետ կապված բոլոր հարցերը դիտարկում ենք բացառապես ադրբեջանական կողմի հետ»,- նշել է Գալուզինը։
Նա հիշեցրել է, որ «ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Արցախի նախագահը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել բոլոր պետական կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին, որից հետո Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
Դեկտեմբերի 22-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր հանրապետության իրավական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթղթի բացակայության մասին։ Լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ գոյություն ունի Շահրամանյանի սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը (ըստ որի՝ հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի 1-ից) չեղարկող փաստաթուղթ։