2023-ի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ՊԲ-ն տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կա 5 անչափահաս, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ հրապարակելով զոհերի, վիրավորների, անհետ կորածների նոր տվյալները։
Նա հայտնել է, որ ԼՂ-ում 244 անձ է վիրավորվել, որոնցից շուրջ 8 տասնյակը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 10 անչահաս։
«Ունենք 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են։ Բացի այդ, դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել»,-հայտարարել է Քյարամյանը։
Նրա խոսքով՝ եղել են, դեպքեր, երբ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայերնակիցները մահացել են բռնի տեղահանման ճանապարհին, ինչպես նաև Հայաստան հասնելուց կարճ ժամանակ անց։ Նշված հանգամանքներում, ՔԿ ղեկավարի տվյալներով, շուրջ 7 տասնյակ անձ է մահացել։
«Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 հայ գերի կա, որոնցից 17-ը 2023-ի արդյունքում պատանդառված անձինք են։ 23-ից 8-ը պաշտոնատար անձինք, մնացածը՝ քաղաքացիական անձինք, զինծառայողներ։ Ուզում եմ ընգծել, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան»,- հավելել է նա։
Քյարամյանը հայտնել է, որ Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր կա։ Անդրադառնալով պայթյունի պատճառներին՝ նա շատ մանրամասներ չի հայտնել։
«Հայտնի է որ ՊԲ-ն վերջին գործողություններից ելնելով, ենթադրում եմ, ՊԲ կազմալուծման պատճառով, այդ պահեստը գրավոր կերպով հանձնել է ԼՂ իշխանություններին։ Զոհերի թվում ոստիկանության 2 սպա կա, որոնք այդ վայրում ծառայություն են իրականացրել, մնացած հանգամանքները պարզվում են»,- նշել է Քյարամյանը՝ ընդգծելով, որ պահեստում շուրջ 42 հազար տոննա վառելիք է պահվել, պայթել է միայն բենզինը։
Նա հայտնել է, որ ՔԿ-ն դատարան է ուղարկել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, որից 99-ը սպաներ են։ Խոսելով 44-օրյա պատերազմի պարտության պատճառների բացահայտման մասին՝ նա հայտնել է, որ այս պահի դրությամբ առնվազն 95 սպաներ կան, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում։
«Այդ անձանց վերաբերյալ գործերը դատարանում են։ Դատավարությունը ցույց կտա՝ այս մարդիկ անմե՞ղ են, թե՞ ոչ, բայց, առնվազն, նախաքննական մարմնի տեսանկյունից շատ հարցերի պատասխաններ, որոնք նաև հանրությանն են հետաքրքրել, մենք ունենք։ Կան հանգամանքներ, որոնք նպաստել են պարտությանը, կան անձինք, որոնց գործողությունները կամ անգործությունն է նպաստել 44-օրյա պատերազմում պարտության վրա հասնելուն»,-հայտարարել է ՔԿ նախագահը՝ շեշտելով, որ ՔԿ-ի համար պատկերը բացահայտված է։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։
Սեպտեմբերի 25-ին Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։