Հունվարի 5-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, հայտնում է Արցախի թեմի մամուլի ծառայությունը:
Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Նա իր քարոզում յուրահատուկ ջերմությամբ անդրադարձավ Արցախի հարցին և գոտեպնդման կոչ արեց արցախցիներին: «Սիրելի արցախցինե՛ր, լցվեք աստվածային հույսով և լավատեսությամբ, ապրեք և արարեք Մայր Հայաստանում, որովհետև միայն այս ձևով կարող է արթուն մնալ և իրագործվել վերադարձի հույսը»,- մասնավերապես նշել է Վրթանես սրբազանը:
Պատարագին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր, ուխտավոր հայորդիներ, Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակվող արցախցիներ, Արցախի թեմի երիտասարդաց միությունների անդամներ, ուսանողներ: