Լեռնային Ղարաբաղից ավելի քան 40 հազար բռնի տեղահանված արդեն հաշվառվել է, որոնցից 32 հազարը դիմել է ժամանակավոր պաշտպանության քարտի, 450-ը՝ Հայաստանի քաղաքացիության համար, գրում է «Լուրերը»։
Նշվում է, որ սա պլաստիկ քարտ է, որը վկայում է, որ քաղաքացին բռնի տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից։ Վկայականը կպահանջվի նաև արտերկիր մեկնելիս:
«Կոդը, որը տեղադրված է այդ երկլեզու քարտի վրա, տալիս է հնարավորություն, որ ցանկացած երկրի սահմանապահ տեսնի՝ տվյալ անձը գտնվում է ՀՀ ժամանակավոր պաշտպանության ներքո և ենթակա չէ հանձնման Ադրբեջանին։ Այսինքն՝ սա պաշտպանիչ կարգավորում է և հավելյալ մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների տեղաշարժն ավելի ապահով և անվտանգ դարձնելու համար»,- ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
Նաև, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է փոխվել 40 հազար տեղահանվածների հաշվառումը, մինչդեռ նրանցից ավելի քան 13 հազարը 63 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներ են։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Երևանի անձնագրային բաժանմունքներն աշխատում են ծանրաբեռնված, տեղահանվածների համար առանձնացրել են երկու պատուհան, սպասարկում են արտահերթ՝ առանց էլեկտրոնային գրանցման, սակայն օրը հերթում անցկացնող մարդիկ երբեմն դժգոհում են աշխատանքի կազմակերպման որակից:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը 2024 թվականի հունվարի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 անձ, վիրավորվել՝ 244-ը, գերեվարվել է 17 անձ, անհետ կորել՝ 20-ը։ ՔԿ տվյալներով՝ դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել։ Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։