Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցից Սյունիքում գտնվող համապատասխան հաստատություն տեղափոխված 10 երեխաները դեռ պետության հոգածության ներքո են, հունվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, Armenia Today-ի հարցին ի պատասխան, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ երեխաները բավականին լավ վիճակում են, նրանց կրթական իրավունքը, հոգեբանական, սոցիալական կարգավիճակը պաշտպանված է։
Մկրտչյանի խոսքով՝ որևէ երեխա դեռ չի ստացել որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ, դեպքերը բազմազան են, պետք է ուսումնասիրել։
«Ունենք դեպքեր, երբ ծնողը բռնի տեղահանությունից հետո տեղակայված է եղել ինչ-որ մարզում, բայց հետո իր երեխային մոտ լինելու համար տեղափոխվել է Սյունիքի մարզ, հետևաբար մենք չպետք է շտապենք այս հարցով, և օրենքով սահմանված կարգով այդ բոլոր գործընթացները կկիրառենք»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ ընտանիքների վերամիավորան դեպքեր երեխաների պարագայում չեն եղել, սակայն ծերերի շրջանում բազմաթիվ են։ Նախկինում առանց խնամքի մնացած 300 ծերերից մոտավորապես 80-ն է պետության հոգածության ներքո։ Այս թվի նվազմանը նպաստել է «40+10» ծրագիրը, որն ընտանիքների վերամիավորման պատճառ է դարձել։
Մանրամասն՝ տեսանյութում։