Ադրբեջանը պղծել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին Հաթերքի ինքնապաշտպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը և շրջակա գերեզմանոցը, հայտնում է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» Monument Watch ծրագիրը։
«Մասնավորապես, շրջված են Հաթերք գյուղի պաշտպանների դիմանկարներով հուշաքարերի մեծ մասը, ինչպես նաև որոշ գերեզմանաքարեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանցիների կողմից նկարահանված և YouTube-ի ադրբեջանական Milli TV ալիքում հրապարակված տեսանյութում երևում է նաև, որ հուշաքարերի վրա տեղադրված են աշխատանքային գործիքներ և գազի բալոն։
Monument Watch-ը հիշեցրել է, որ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1999 թվականի Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրության համաձայն՝ մշակութային ժառանգության վանդալիզմը դասում է որպես միջազգային հանցագործություն:
«Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի»,- նշված է կայքում:
Հաթերք գյուղը բավականին տուժել է Արցախյան առաջին պատերազմի տարիներին, նշում է կայքը: 1992 թվականին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են հայաթափել ու ոչնչացնել գյուղը: 1992-1993 թվականներին գյուղը երկու անգամ օկուպացվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Հաթերք գյուղի 19 խաղաղ բնակիչ, որոնք չէին հասցրել հեռանալ ադրբեջանական ներխուժման ժամանակ, սպանվել են ադրբեջանցի զինվորականների կողմից։ Գյուղի ինքնապաշտպանության և ազատագրման համար մղված մարտերում զոհվել է 57 մարդ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այդ ժամանակից ի վեր հանրապետությունում ավերվել են տասնյակ եկեղեցիներ, գերեզմանատներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021 թվականին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակունի կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021 թվականից մինչև 2023 թվականը քանդվել էր Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը։ Հունվարի 4-ին Monument Watch-ը հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքարի աղբյուրի ոչնչացման մասին։
Հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։