Ֆրանսիայի Սենատն ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը, այս մասին տեղեկանում ենք նիստի ուղիղ հեռարձակումից։
Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 336, դեմ՝ 1 խորհրդարանական։
Բանաձևում առաջարկվում է կանխել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փորձերը՝ Երևանին տրամադրելով «նրա պաշտպանությունն ապահովելու միջոցներ» և «եվրոպական մակարդակում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների ռեժիմ սահմանելով»։
Միևնույն ժամանակ՝ առաջարկվող բանաձևը կոչ է անում նաև «անվերապահորեն և անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական իշխանություններին, ովքեր կամայականորեն ձերբակալվել են, ինչպես նաև բոլոր ռազմագերիներին։
Հունվարի 16-ին հայտնել էինք, որ հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի բանաձև, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և Բաքվից պահանջում է երաշխավորել արցախահայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքները։ Բանաձևը նաև նպատակ ունի «կանխելու ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման ցանկացած այլ փորձ», որի սպառնալիքի մասին 2023 թվականի սեպտեմբերին հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։