Ադրբեջանցիներն ավերել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Հակակու գյուղի ինքնապաշտպանության համար զոհված մասնակիցների հիշատակին կառուցված հուշահամալիրը, հայտնում է Արցախի հուշարձանների մշտադիտարկում իրականացնող Monument watch նախագիծը։ Էթնիկ հայկական գյուղը Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ է անցել 2020 թվականի պատերազմի ժամանակ։
Կայքը նշում է, որ 2024 թվականի հունվարի 15-ին հայկական որոշ տելեգրամ ալիքներում տեղադրվել էր ադրբեջանցի զինվորների կողմից տարվա սկզբին նկարված մի տեսանյութ, որտեղ վերջիններս գտնվում էին Հակակու գյուղի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղի ինքնապաշտպանության համար զոհված մասնակիցների հիշատակին կառուցված հուշահամալիրի մոտ։ Լեռնային Ղարաբաղի դիտարկում էջը (NKobserver) ուսումնասիրել է տեսանյութում երևացող վայրը և հաստատել, որ դա Արցախի Հակակու գյուղն է։
«Տեսանյութից երևում է, որ հուշատախտակները ջարդված են, պղծված: Տեսանյութում ադրբեջանցի զինվորականներն ինքնաձիգերով ցույց են տալիս այդ ջարդված հուշատախտակները հայհոյախառը խոսքերով, շարժում են ջարդված մասերը, հարվածում: Որոշ հուշատախտակների վրա երևում են կրակահերթի հետքեր»,- մանրամասնում են նախագծից:
Նշում են, որ տեսանյութից բարդ է ասել, թե երբ են պղծել հուշահամալիրը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այդ ժամանակից ի վեր հանրապետությունում ավերվել են տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021 թվականին Ադրբեջանի իշխանությունները ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։
2021 թվականից մինչև 2023 թվականը քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։