Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշմամբ օրեր առաջ Արցախի նոր պետնախարար է նշանակվել Քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով արցախյան աղբյուրներին:
Պարբերականը հիշեցնում է, որ մինչ այդ Արցախի պետնախարարի պաշտոնն զբաղեցնում էր Ադրբեջանի կողմից ապօրինի կալանքի տակ պահվող, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին՝ Արթուր Հարությունյանը:
Թերթի տվյալներով՝ Արթուր Հարությունյանն իր ցանկությամբ է ազատման դիմում գրել, նա այդ պաշտոնին նշանակվել էր նախորդ տարի՝ սեպտեմբերին:
Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունները, հանրապետության վրա Ադրբեջանի սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էին ձեռք բերել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: 2023թ. սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, որով որոշում էր կայացվել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության տակ գտնվող բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ:
Հունվարի 10-ին «Հրապարակ»-ը գրել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել։ Ըստ թերթի՝ որոշման մասին հաշված թվով մարդիկ գիտեն։ Armenia Today-ին նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ այդ թեմայով մեկնաբանություն չեն տալիս։