Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Հադրութի Սպիտակ խաչ վանքը, հայտնում է «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունը՝ հղում անելով «Արարատ» տելեգրամյան ալիքին:
«Այսպես են ավարտվում «աղվանական ծեսերը» Հադրութի Սպիտակ Խաչ վանք եկեղեցում»,- ընդգծում է տելեգրամ ալիքը:
Լուսանկարներում երևում են վանքի ներսում գտնվող մոմակալին ամրացված ծռմռված երկաթե խաչերը:
Սպիտակ Խաչ վանքը գտնվում է բռնազավթված Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող Վանք գյուղում` մի բլրի վրա։
«Հայքի մշակույթի Օմբուդսմեն»-ը հիշեցնում է, որ ադրբեջանական վանդալիզմից զերծ չեն մնում նաև աղվանական ներկայացվող եկեղեցիներն ու խաչքարերը: «Նշվածի վառ ապացույցն է Ջուղայի խաչքարերի հիմնովին ոչնացումը. Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը»,- նշում է կազմակերպությունը՝ հղում անելով Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Watch նախագծին:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այդ ժամանակից ի վեր հանրապետությունում ավերվել են տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։ 2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021 թվականին Ադրբեջանի իշխանությունները ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։
2021 թվականից մինչև 2023 թվականը քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: Նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու հայկական մշակութային ժառանգությունը։