ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախի ականապատ դաշտերի քարտեզների մասին հարցին՝ չբացառելով, որ հնարավոր է Երևանը քարտեզներ փոխանցի Բաքվին:
Նրա խոսքով՝ հայկական կողմը տրամադրված է շարունակել վստահության ամրապնդման միջոցառումները, որի շրջանակներում երկու անգամ ադրբեջանական կողմին են փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ:
«Տարօրինակաբար, ադրբեջանական կողմից լսում էինք բողոքներ այն մասին, որ այդ քարտեզներն այնքան էլ արդյունավետ չեն և ճշգրիտ կերպով չեն արտացոլում ականների տեղակայումը»,- նշել է Միրզոյանը՝ շեշտելով, որ ականապատումը 90-ականների սկզբներին սկսվել էր հենց Ադրբեջանի կողմից:
Նա հայտնել է, որ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել այն տեղեկատվությունը, ինչ իրեն հասանելի էր և շեշտել է, որ այս անգամ քարտեզների հետ կապված գործընթացը պետք է անել միջազգային գործընկերների միջոցով:
«Իմ տեղեկություններով՝ համապատասխան հայկական մարմիններն աշխատանքներ են տանում, փորձում հարցումների ճանապարհով վերականգնել նոր տեղեկատվություն՝ հնարավոր նոր ականների վերաբերյալ, և երկուստեք կառոցողական մոտեցումների և հավաստի տեղեկատվության առկայության պարագայում չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին»,- ընդգծել է Միրզոյանը:
Խոսելով վստահության ամրապնդման մասին՝ նա ցավով արձանագրել է, որ չնայած դեկտեմբերի 7-ի դրական միտմանը, կառուցողական մոտեցումն առնվազն Ադրբեջանի կողմից չի շարունակվում:
Նրա խոսքով՝ դա դրսևորվել է ադրբեջանական կողմից պայմանագրի յոթերորդ խմբագրման և Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցի ժամանակ: ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այստեղ էական հետընթաց կա ու հարված՝ խաղաղության գործընթացին:
«Դա վերաբերում է և՛ տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, և՛ կոնկրետ սահմաններին: Նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի, մենք շարունակում ենք վճռական մնալ այն դիրքորոշմանը, որ սահմանազատման գործընթացում համապատասխան հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքեր ունեցող սահմաններն այն կերպ, որ գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման ժամանակ»,- եզրափակել է նախարարը:
2021թ. դեկտեմբերին Բաքուն հայտարարել էր, որ Հայաստանի կողմից տրամադրված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը շատ ցածր է:
2023թ. հունվարին Միջազգային դատարանը լսումներ էր անցկացրել Ադրբեջանի հայցի վերաբերյալ՝ ընդդեմ Հայաստանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ։ Հայցի շրջանակներում Ադրբեջանը, մասնավորապես, դատարանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «դադարեցնել ականապատել Ադրբեջանի տարածքը»։
Մանրամասները՝ տեսանյութում: