Կառավարությունը պատրաստվում է 5 մլն դրամ արժեքով վկայականներ տալ բռնի տեղահանվածներին բնակարաններ ձեռք բերելու համար, գրում է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու նախագիծը:
Թերթի տեղեկություններով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղահանվածներին բնակարաններով ապահովելու նախագիծը մշակում է 2023 թվականի նոյեմբեր ամսից։
Թերթը գրել է, որ նախագիծը նախատեսում է յուրաքանչյուր արցախցու 5 մլն դրամի սերտիֆիկատ հատկացնել՝ բացառապես բնակարան գնելու համար. 4 հոգանոց ընտանիքը 20 միլիոն դրամ կստանա:
«Սերտիֆիկատների համար գործակիցներ կիրառելու հարցն էլ են քննարկում, ասենք, Երևանից դուրս` մարզերում բնակարաններ ձեռք բերելու պարագայում սերտիֆիկատների դեպքում կգործի 1,6 գործակիցը, այսինքն՝ այդ 5 միլիոնը 1,6-ով կավելանա: Իսկ սահմանամերձ գյուղերում քննարկվում է ավելի մեծ գործակից»,- նշել է թերթը՝ հավելելով, որ միայն Երևանում է սերտիֆիկատն իր չափով գործելու, թեև ամենաբարձր գները հենց Երևանում են:
Հրապարակման համաձայն՝ նախագիծը դեռևս մշակման փուլում է:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 100 632 Արցախի քաղաքացի։